«Եթե ես իմ զինվորին ուղարկեմ զոհվելու, առաջինն ուղարկելու եմ իմ որդուն». Փաշինյանի կոչն ու սպառնալիքը Իլհամ Ալիևին

Ելույթ ունենալով Շենգավիթում՝ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին. «Իլհամ Ալիևի որդին զորակոչվել է բանակ: Դա շատ կարևոր իրադարձություն է, որովհետև ինչքան էլ փակ լինի Ադրբեջանն, ինչքան էլ հսկողության տակ լինի ազատ մամուլը, սոցցանցերը, այնուամենայնիվ, երկու ամիս է՝ նրանց ժողովուրդը հարց է դրել՝ ինչու է ՀՀ վարչապետի որդին ծառայում բանակում, իսկ քոնը՝ ոչ:

Ադրբեջանի ղեկավարի որդին հասկանում էր, որ եթե ինքը սրի իրավիճակը, ինքը գիտի՝ զոհվելու են հասարակ ադրբեջանցիներն ու իր որդուն ոչինչի չի պատահի: Վերջին երեք օրերին ՀՀ զինված ուժերն ստիպված են եղել խոցել 3 ադրբեջանցի զինվորի: Եվ դա ոչ թե նրա համար, որ մեծ հաճույք է պատճառում, այլ որովհետև Ալիևի հրամանով կրակում էին մեր գյուղերի՝ Կոթիի, Բաղանիսի, Չինարիի վրա: Եվ նրանց կրակակետերը լռեցնելն իրավիճակը հանդարտեցնելու միակ հնարավորությունն է: Ամեն անգամ, երբ որ Ալիևը հոխորտում է Հայաստանի հասցեին, նա ճանապարհ է բացում հազարավոր մայրերին դժբախտացնելու համար:

Բայց Ալիևն իր որդուն տարել է Բաքվի զորամասերից մեկը, նա ևս մեկ անգամ խաբում է իր ժողովրդին: Իմ որդին կամավոր մեկնել է Արցախ, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն ու Արցախը դարձել են մեկ տուն, և կապ չունի՝ որիս երեխային ինչ կպատահի:Եվ հիմա, եթե Ալիևը գնում է ճակատելու, ադրբեջանի ժողովուրդը պետք է պահանջի, որ նրա որդին ծառայի սահմանագոտում: Տեսնենք՝ այդ ժամանակ էլ նա իրեն նման լկտի ձևով կպահի:

Նրան չի հետաքրքրում իր երկրի զինվորը, նրան միայն հետաքրքրում են իր միլիարդները: Որևէ ադրբեջանցի չպետք է մտածի, թե Ալիևը մտածում է իր հայրենիքի մասին: Նա միայն մտածում է իր թալանածը պահպանելու համար: Որևէ ադրբեջանցի ծնող մեզ չի կարող մեղադրել, որովհետև մենք հակագործողության դիմում ենք միայն այն պարագայում, երբ այլևս հնարավոր չէ համբերել:

Եթե ես իմ զինվորին ուղարկեմ զոհվելու, առաջինն ուղարկելու եմ իմ որդուն»:

Կիսվիր ընկերներիդ հետ