Դիմակավորված անձինք 90-ամյա կնոջ ականջներից պոկել են ոսկյա ականջօղերը, ոսկյա կախազարդն ու դիմել փախուստի

Դիմակավորված անձինք 90-ամյա կնոջ ականջներից պոկել են ոսկյա ականջօղերը, ոսկյա կախազարդն ու դիմել փախուստի

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 5-ին, դիմակավորված, դանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 12:15-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Վաղաշեն գյուղի տներից մեկը, որտեղ զույգ ականջի բլթակների պատռված վերքով տանը հայտնաբերել են բնակչին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկտրչյանը, ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Մարտունու քննչական բաժնի խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Կարապետ Համբարձումյանի, Մարտունու քննչական բաժնի պետ Արթուր Ավագյանի և ավագ քննիչ Արման Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տուժածը նշված գյուղի բնակիչ, 90-ամյա Ռոզա Կ.-ն է:

Մինչ բժիշկները տարեց կնոջն օգնություն էին ցուցաբերում, ոստիկաններն ու քննիչները ձեռնարկված անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում տաք հետքերով պարզել են, որ տարեց կնոջ նկատմամբ դիմակավորված, դանակով զինված ավազակային հարձակում է կատարել նույն գյուղի բնակիչ, 44-ամյա Ադիբեկ Մելքոնյանը:

Պարզվել է, որ տականքը դիմակավորված ու դանակով զինված մուտք է գործել տարեց կնոջ տուն, քաշելով նրան տնից հանել է դուրս, ծեծի ենթարկել, բռնություն կիրառել, այնուհետև քաշել ու պոկել է ոսկյա ականջօղերը, պարանոցի ոսկյա կախազարդը, իսկ հետո դանակով վնասել ձախ ձեռքի նախաբազկի հատվածը ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ ու դիմել փախուստի:

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները կարճ ժամանակում պարզում են կասկածյալի գտնվելու հավանական վայրերը, ապա գյուղում հայտնաբերում են նրան և բերման ենթարկում ոստիկանության Մարտունու բաժին:

Ճիվաղի մոտ հայտնաբերվում է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, բժշկական դիմակը: Հայտնաբերվում է նաև տարեց կնոջ պարանոցից հափշտակած կաղազարդն ու ականջօղերից մեկը:

Փաստի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալ Ա. Մելքոնյանը ոստիկանության Մարտունու բաժնից ներկայացել է Մարտունու քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: