Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու վերաբերյալ Արարատ Միրզոյանը հայտարարությամբ հանդես կգա

Ավարտվել է «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում հայտնեց, թե ինչ քննարկում անցկացվեց Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու «Քաղաքացու որոշում» կուսակցության պահանջի վերաբերյալ։ Մակունցը նշեց, որ Արարատ Միրզոյանը լրացուցիչ հայտարարությամբ հանդես կգա։

«Հպանցիկ անդրադարձ է եղել նաև ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ կապված միջադեպին։ Հնչել են անհնագստությունններ այն առումով, որ կենցաղային բնույթի միջանձնային միջադեպերը, որոնք նաև անձնական բնույթի վիրավորանքներ են պարունակում, հաճախակիացել են և չեն կարող անհանգստացնող չլինել։

Սակայն, այս պահին մենք չենք համարում, որ դրանք ունեն քաղաքական ենթատեքստ։ Ժամանակը ցույց կտա, թե ինչ կա այդ ամենի ետեւում և կա ինչ-որ քաղաքական ենթատեքստ, թե ոչ»,-ասեց Լիլիթ Մակունցը։

Հիշեցնենք՝ Քաղաքացու որոշում կուսակցությունը պահանջել է Գագիկ Ծառուկյանին զրկել պատգամավորական մանդատից՝ հանդես գալով հետևյալ հայտարարությամբ:

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ ի դեմս գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի, դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ սույն թվականի ապրիլի 19-ին «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում և դրանից դուրս լրագրողների հետ շփումներում հնչեցրած հայտարարությունների հետ կապված քրեական հետապնդում հարուցելու և պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցով՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը»: