ԱշխարհՄամուլՏեսանյութ

Բելառուսական անձնագրով հայն այցելել է Ադրբեջան ու հասել ծնողների տուն. Լապշինը հրապարակել է տեսանյութ

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր` Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որի հեղինակը հայ ներկայանալով, պատմում է, թե ինչպես է կարողացել բելառուսական անձնագրով մեկնել Ադրբեջան:

«Բելառուսական անձնագրով հայը, ով կարողացել է ժամանել Ադրբեջան ու հասնել Գյանջայում (Կիրովաբադ) իր ծնողների տուն»,- գրում է Լապշինը:

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը, ռասիստական նկատառումներից ելնելով, թույլ չի տալիս երկիր մուտք գործել ազգությամբ հայերի: «Ինչ վերաբերում է նրա ծնողներին և Գյանջային, ապա նշեմ, որ հայերն այնտեղից փախել են Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, իսկ նրանց տները զբաղեցրել են ադրբեջանցիները»,- նշել է բլոգերը՝ նկատելով, որ Ադրբեջանի անվտանգության աշխատակիցները չեն արձանագրել նրա՝ ազգությամբ հայ լինելու հանգամանքը, ինչի արդյունքում երիտասարդը կարողացել է հիանալի ռեպորտաժ նկարահանել ու հետ վերադառնալ:

«Նրա կարճամետրաժ ֆիլմը ցույց է տալիս հասարակ ադրբեջանցիների աղքատությունն ու չարությունը, սարսափելի հայաֆոբիան ու ամենուր տիրող լրտեսամոլությունը: Ադրբեջանից հետո տղան մեկնել է Հայաստան, ապա Ղարաբաղ»,- գրում է բլոգերը:

Նա նկատում է, որ ռեպորտաժ նկարահանած երիտասարդը մեծ ռիսկի է գնացել նման քայլով, քանի որ միայն Գյանջայում ուղղակի քայլելն ու հայերի թողած տների մասին հարցնելը կարող էր հանգեցնել նրան, որ երիտասարդին սպանեին դեռ նախքան ձերբակալումը: «Սպասում ենք ավելացում մեր պատվավոր ցուցակում, այսինքն Ադրբեջանի «սև ցուցակում»,- կատակել է Լապշինը:

Կիսվել նյութով