Արսեն Թորոսյանին մի կին հրավիրել է իրենց տուն՝ ամուսնուն բացատրելու, որ չծխի երեխաների մոտ

Հակածխախոտային օրենքն արգելում է ծխել ռեստորաններում, սրճարաններում, բարերում. Սա գիտեն բոլորը: Բայց քչերին է հայտնի, որ օրենքի ընդունվելուց հետո չեն ծխելու նաև իրենց սեփական ավտոմեքենաներում, կանգառներում, այգիներում: Օրենքում արգելքները շատ են, տուգանքները` մեծ:

Ծխողների ու չծխողների պայքարը Հայաստանում օրեցօր ավելի հետաքրքիր դրսևորումներ է ստանում: Առողջ ապրելակերպի ջատագով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին կանայք արդեն իրենց տուն են հրավիրում:

«Եկեք մեր տուն,ամուսնուս բացատրեք, որ տանը, այն էլ երեխաների մոտ չծխի»,- ծխախոտի դեմ պայքարի շրջանակներում նախարարի հերթական գրառման տակ գրել է ֆեյսբուքյան օգտատերերից մի կին:

Սննդի օբյեկտներն էլ հերթով նախարարին իրենց հարկի տակեն հրավիրում` համոզվելու, որ ծխելն իրենց հաստատությունում արգելված է և, ինչու չէ, ձեռքի հետ էլ գովազդելու իրենց բիզնեսը:

Հրավերների շարքը սկսվեց այն բանից հետո, երբ Թորոսյանը սկսեց հրապարակել իր այցելած «անծուխ» հաստատություններում արված լուսանկարները` նշելով նաև հաստատությունների անունները:

Ֆեյսբուքյան քարոզչության երկրորդ ալիքը «Անծուխ Հայաստան» հեշթեգի ու նույնանուն սթիքերի տարածումն էր: Բազմաթիվ օգտատերեր այսօր, նախարարի օրինակով, իրենց տեսակետներն են հայտնում հակածխախոտային նախագծի շուրջ հենց դրանց կիրառմամբ:

Ծխել, թե չծխել հարցի շուրջ կարծիքներն անշուշտ պայմանավորված են սեփական սովորույթով` ծխողը դեմ է իր իրավունքների սահմանափակմանը, չծխողն էլ ուրախ, որ այսուհետ ստիպված չի լինելու շնչել ուրիշի ծուխը:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը հարցին նայում է երկու կողմից` չծխողը պետք է պաշտպանված լինի ծխից, բայց ծխողին էլ պետք է հնարավորություն տալ ապրելու իր պատկերացումներին համահունչ:

«Այո՛, պետք է ապահովել չծխողների ծխախոտի ծխից պաշտպանվելու իրավունքը: Այո՛, պետք է անել հնարավորը, որ անձը չուզենա դառնալ ծխող: Այո՛, պետք է արգելվեն բոլոր տեսակի գովազդները: Բայց ծխողներն էլ մարդ են, և օրենքը ոչ մի կերպ չպետք է վերածվի անձերի դեմ պայքարի և վերջիններիս համար ևս պետք է ստեղծվեն որոշակի հնարավորություններ, որոնք միանշանակ չեն սահմանափակելու չծխողների իրավունքները»,- կարծում է Պիպոյանը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը չի թաքցնում` «ծխող զանգվածի ներկայացուցիչ» է, բայց հանրային վայրերում ծխելն իսպառ արգելելու նախաձեռնությունը ողջունում է:

«Ամոթի զգացումով եմ մտնում թեյարաններ ու ռեստորաններ որևէ արտասահմանցու հետ։ Դեմքի արտահայտություններից հասկանում եմ, որ քարանձավային տպավորություն ենք թողնում, շատ զզվելի հոտ է գալիս ծխած տարածքներում։ Ամբողջ աշխարհը նախընտրում է անծուխ հանրային միջավայր, իսկ մենք մնացել ենք 70-ականներում»,- իր տպավորություններն է կիսում պատգամավորը` միաժամանակ հռետորական հարց ուղղելով ծխողներին`դժվա՞ր է արդյոք մի երկու ժամ հանրային վայրում դիմանալ, չծխել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր՝ կայքում։