Արմավիր քաղաքում կրակի միջից փրկարարների կողմից դուրս բերված կնոջ կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14:40-ի սահմաններում Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 8ա շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պարզվել է՝ հրդեհը բռնկվել է նշված շենքի 1-ին հարկի բնակարանում։
Հրշեջ-փրկարարները 41-րդ բնակարանից դուրս են բերել տանտիրուհուն՝ 49-ամյա Ֆրիդա Կ.-ին, ով տեղում օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից բուժօգնություն ստանալու ժամանակ մահացել է։
Փրկարարները, պարեկներն ու ոստիկանները շենքից տարհանել են մոտ 20 բնակչի։
Դեպքի մասին ոստիկանության Արմավիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի և օրվա պատասխանատու հերթապահի քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։