Մամուլ

«Արաբկիր» ԲԿ տեղափոխված երեխայի հայրը ծեծել է բժշկին

«Արաբկիր» ԲԿ տեղափոխված երեխայի հայրը ծեծել է բժշկին. այս մասին տեղեկանում ենք բժշկական կենտրոնի լրատվական ծառայությունից։

Սույն թվականի դեկտեմբերի 11-ին Արաբկիր Բժշկական համալիրի ընդունարան են դիմել ծնողներ, ում երեխան ունեցել է բարձր ջերմություն և ջերմային ցնցումներ:

Ընդունարանում բժշկական անձնակազմի կողմից բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում երեխայի հայրը դրսևորել է ագրեսիվ պահվածք՝ կոտրել է բժշկի սեղանի ապակին, վնասել է վիրաբուժական ընդունարանի դուռը, պատռել է սեղանին դրված մեկ այլ հիվանդի պատմագիրը:

Իրավիճակը կանխվել է հիվանդանոցի և անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Երեխան տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ հետագա բուժման նպատակով:

Հաջորդ օրը` կեսօրին, երեխայի ծնողներն, ըստ «Արաբկիր» բժշկական համալիրում գործող կարգի, հրավիրվել են վերակենդանացման բաժնի վարիչի սենյակ՝ երեխայի վիճակի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով:

Այդ ընթացքում հայրն անվայել խոսքեր է հնչեցրել բաժանմունքի վարիչի հասցեին և գլխով հարվածել վերջինիս դեմքին, ինչի հետևանքով բժիշկը ստացել է մարմնական վնասվածք։

Տեղի ունեցած միջադեպի մասին հայտնվել է Արաբկիրի ոստիկանություն:

Կիսվեք էջում