Ապարանում հուղարկավորել են կրակոցներից սպանված Համիկ Միքայելյանին և Տիգրան Հարությունյանին

Ապարանում հուղարկավորել են կրակոցներից սպանված Համիկ Միքայելյանին և Տիգրան Հարությունյանին

Ապարան համայնքում այսօր՝ հունիսի 22-ին, հուղարկավորել են երեք օր առաջ հնչած կրակոցներից սպանված 27-ամյա Համիկ Միքայելյանին և Տիգրան Հարությունյանին։ Այս մասին News.am-ը տեղեկացավ Ապարանի համայնքապետարանից։

Նշենք, որ արյունալի դեպքից հետո Ապարանում և հարակից համայնքներում ոստիկանական ուժեղացված ծառայություն է իրականացվում։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ մարզում վենդետայի վտանգ կա․ զոհերի հարազատներին հանգիստ չի տալիս հանցագործների պահվածքը։

Սպանված տղաներն ամուսնացած չէին։ Համիկն աշխատում էր ՊՆ զորամասերից մեկում։

Տիգրան Հարությունյանը աշխատում էր Ապարանի «Գնթունիք» սննդի կենտրոնում: Նա Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի բարեկամն է:

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին, Ապարանից Նիգավան գնացող ճանապարհահատվածում սպանություն էր տեղի ունեցել։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով «Ապարան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 7 քաղաքացի:

Վիրավորներից մեկը գիտակցության չգալով, մահացել էր, իսկ 6 հոգի տեղափոխվել էին Երեւանի բժշկական կենտրոններ: Ժամեր անց, սակայն, մահացել էր եւս մեկ քաղաքացի։

Հարուցված քրեական գործով ձերբակալվել է 32-ամյա Արմեն Հովհաննիսյանը, որը Ձորագլուխ համայնքից է։