Այս տարի սեպտեմբերի 21-ին ռազմական շքերթ չի լինի. միջոցառումները տեղի կունենան Գյումրիում

Այս տարի սեպտեմբերի 21-ին ՝ Անկախության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում, ռազմական շքերթ չի նախատեսվում: Անկախության 28-ամյակի միջոցառումները հիմնականում տեղի են ունենալու Գյումրիում:

Այդ օրը տոնական միջոցառումները Երևանում կսկսվեն առավոտյան Եռաբլուր այցելությունից, կլինեն առանձին տոնական միջոցառումներ զորամասերում:

Գյումրիում համերգներ են անցկացվելու, քաղաքի տարբեր հատվածներում տարբեր ոճի համերգային ծրագրեր են նախատեսված: Նաև ֆիլմերի ցուցադրություն է նախատեսված, երեխաների համար առանձին միջոցառումներ, գալա համերգ, հանրային քննարկումներ, լուսանկարչական ցուցահանդեսներ են նախատեսված:

Հիշեցնենք՝ այս մասին տեղեկացրել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հորդորել Երևանում և այլ մարզերում ու քաղաքներում ապրող բնակիչներին՝ եռագուններով զարդարել իրենց դեպի փողոց նայող պատուհանները։