Շոու-բիզնես

«Ամենամեծ ձեռքբերումս բալիկս ու ամուսինս են»․ Մարի Պետրոսյանը՝ 2019-ի ու Ամանորն ընտանիքի հետ անցկացնելու մասին

«Ամենամեծ ձեռքբերումս բալիկս ու ամուսինս են»: Դերասանուհի Մարի Պետրոսյանը 2019 թվականը համարում է իր կյանքի ամենաերջանիկ տարեթիվը։ Այս տարի Մարին մայրիկ դարձավ, ինչը, ըստ դերասանուհու, իր համար ոչ միայն տարվա, այլև կյանքի ամենակարևոր իրադարձությունն է։

Tert.am Life-ի հետ զրույցում Մարին խոսել է իր նախատոնական տրամադրության, որդու համար տոնածառ դնելու ցանկության և ամենակարևոր նպատակների մասին։

Դերասանուհին գոհ է անցնող տարվանից, չնայած դժվարություններին, որդու՝ 5-ամսական Մոնթեի ծնունդը նրա կյանքում ամեն բան փոխել է դեպի դրականը։ «2019 թվականին մեծ ձեռքբերումներ եմ ունեցել, անձնական կյանքումս ամեն ինչ շատ լավ է։ Տհաճ պահեր եղել են, սակայն, անկախ ամեն ինչից, սա կյանքիս ամենաերջանիկ տարին է, որովհետև բալիկս ծնվեց։

մարի պետրոսյան

2019 թվականը չեմ համեմատի ոչ մի այլ տարվա հետ. ամեն ինչ փոխվել է, շատ շնորհակալ եմ 2019 թվականին ու շատ երջանիկ եմ։ Այս տարվա ամենամեծ ձեռքբերումը բալիկս ու ամուսինս են՝ իմ ընտանիքը, երջանկությունս։  Կորուստներից չեմ ուզում խոսել, որովհետև եղել են մարդիկ, որոնք հիմա իմ կյանքում չկան ու արդեն անկարևոր են դարձել։ Ես ունեմ այնպիսի ձեռքբերումներ, որոնք ավելի կարևոր են, քան այն, ինչը կորցրել եմ»,-ասաց դերասանուհին։

Մարին ժպիտով նշեց, որ ամեն տարի փորձում էր խուսափել նախատոնական գործերից, սակայն այս տարի ամեն ինչ այլ է։ Խոհանոցային պատրաստություններին այս տարի ևս չի մասնակցելու, բայց որդու առաջին տոնածառն ուզում է ինքնուրույն դնել ու զարդարել։

«Ամանորը նշում եմ ընտանիքիս հետ, որովհետև այն ջերմ ու տաք տոն է, որը պետք է դիմավորել նման միջավայրում։ Սիրում եմ տանը դիմավորել Նոր տարին, որովհետև դա հետաքրքիր ջերմություն է հաղորդում տոնին։ Ամեն տարի, երբ տանը սկսվում էր նախատոնական անցուդարձը՝ խոհանոց, գնումներ, այնպես էր ստացվում, որ ես տանը չէի լինում և ոչ մի գործ չէի անում։

մարի պետրոսյան

Այս տարի էլ բախտս շատ է բերել, որովհետև փոքրիկիս հետ եմ լինելու, նրանով կզբաղվեմ ու, կոպիտ ասած, ինձ  գործի չեն դնի։ Տոնածառը միշտ տանեցիներն էին զարդարում, ես գնում ու իմ մի խաղալիքն էի կախում, բայց այս տարի ուզում եմ փոքրիկիս համար տոնածառը ես զարդարել, ուղղակի դեռ հարմար տարբերակ չեմ գտել»,- ասաց Մարին։

Դերասանուհին սիրում է այս տոնը, հատկապես, դեկտեմբերի 31-ի գիշերը։ Մարին անհամբերությամբ է սպասում ինչպես այս տարվա, այնպես էլ որդու համար առաջին ձյանը։

«Շատ եմ սիրում դեկտեմբերի 31-ի կեսգիշերը, երբ օրը փոխվում է, մտնում ենք Նոր տարի։ Սա ամենահաճելի պահն է, երբ տարեթիվը փոխվում է, ես երազանք եմ պահում։ Հավատում եմ այդ օրվա հրաշքին։ Ամեն տարի պահածս երազանքներն իրականանանում են։ Շատ եմ ուրախանում, երբ Ամանորին ձյուն է գալիս։ Առհասարակ, սառնություն, ձյուն չեմ սիրում, բայց Ամանորին մի քիչ ուրիշ տրամադրություն է ստեղծում։ Ինչպես հասկանում եմ, այս տարի եղանակը չի ուզում, որ ես ինձ լավ զգամ»,-ասաց դերասանուհին։

«Ազիզյանները» սիթքոմից Մարի Պետրոսյանը

Մարին հավատում է Ձմեռ պապիկին և ամեն ինչ կանի, որ իր փոքրիկն էլ հնարավորինս երկար ժամանակ հավատա նրա գոյությանը։ Այնպես որ, որդուն տոնածառի տակ կսպասեն շատ նվերներ։    

«Ես փորձում եմ հոգուս խորքում հավատալ Ձմեռ պապիկի գոյությանը, բայց 7-8 տարեկանից գիտեի, որ Ձմեռ պապիկը գոյություն չունի, դա բացահայտել էի իմ փոքրիկ ընկեր-ընկերուհիների միջոցով, սակայն մինչև հիմա հավատում եմ Ձմեռ պապիկին, անկեղծ սիրում և սպասում  եմ։ Ինձ համար ամենահիշարժան Ամանորը 5 տարեկանում է եղել, երբ երազում էի մի տիկնիկի մասին, որը ստացա  Ձմեռ պապիկից։ Մինչ օրս այդ տիկնիկը կա, ես նրան պահում եմ ու միշտ ասոցացնում Ամանորի ու Ձմեռ պապիկի հետ»։

Աղբյուր՝ tert.am

Կիսվել էջում