Մամուլ

«Ադրբեջանցի մարզիկները փակվել են հյուրանոցում»

«Ադրբեջանցի մարզիկները փակվել են հյուրանոցում»

Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշի այրումը միանգամայն անընդունելի է և ցույց է տալիս, որ Հայաստանը պատրաստ չէ նման մրցումներ ընդունել. ասել է Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարար Ֆարիդ Գայբովը։

«Քանի որ Երևանը չի կարող ապահովել մեր մարզիկների անվտանգությունը, Ադրբեջանի պատվիրակությունը չի մասնակցի մրցումներին, սպասվում է, որ նրանք կվերադառնան հայրենիք։

Հայաստանը պետք է ապահովի մեր մարզիկների անվտանգ վերադարձը, բայց հիմա նրանք փակված են հյուրանոցում, որտեղ լրատվամիջոցները հասանելի չեն: Կոչ ենք անում միջազգային հանրությանը և միջազգային սպորտային կազմակերպություններին խստորեն դատապարտել այս բարբարոսական արարքը։

Կոչ ենք անում նաև Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիային պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ»,- ասել է Գայբովը։

Ավելի վաղ, Ադրբեջանի սպորտի ու երիտասարդության նախարարությունն և այդ երկրի օլիմպիական ազգային կոմիտեն համատեղ հայտարարություն էին տարածել՝ նշելով ադրբեջանական պատվիրակության Երևանից վերադառնալու որոշման մասին։

Կիսվել էջում