Այսօր մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակն է
Այսօր մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակն է:
«Կա Մեծարենց, կա Տերյան, և բազում այլ պոետներ կան, բայց Հովհաննես Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության»: Այսպես է Ամենայն հայոց բանաստեղծին բնութագրել Չարենցը:
Հովհաննես Թումանյանն այն գործիչներից է, ում գրական հարստությունը նույնքան բացառիկ է, որքան նրա մարդկային կերպարը: Հովհաննես Թումանյանի կյանքն ամբողջովին մեկտեղվում, զուգահեռվում է հայ ժողովրդի ճակատագրի հետ:
Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869թ. փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում՝
հոգևորականի ընտանիքում։
Հովհաննես Թումանյանը կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետև Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ Հովհաննես Թումանյանը երիտասարդ տարիքում տեղափոխվեց Թիֆլիս, որը ողջ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին Ռուսական կայսրությունում հայ մշակութային կյանքի կենտրոնն էր: Շուտով նա հայտնի դարձավ հայկական հասարակության լայն շրջանակներին շնորհիվ իր պարզ, բայց բացառիկ և պոետիկ ստեղծագործությունների։
Հովհաննես Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։
Պատահական չէ, որ արդեն մի քանի տարի Հայաստանում Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը նշվում է նաև որպես Գիրք նվիրելու օր:
Ինչպես նշել է Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը՝ Անդրկովկասում չկար գրողների միություն, սակայն Հովհաննես Թումանյանը ստեղծել էր «Վերնատունը», որն ինքնին գրողների միություն էր:
1912 թվականին Հովհաննես Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-1920 թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թվականին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Հովհաննես Թումանյանի գլխավորությամբ։
1921 թվականի աշնանը Հովհաննես Թումանյանը մեկնել է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ` նա վերադառնում է հիվանդացած։ Հովհաննես Թումանյանին տեղափոխում են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, սակայն 1923 թվականի մարտի 23-ին՝ 54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է։
Այսօր ոչ միայն հայ, այլև համաշխարհային գրականության այս մեծագույն գրողի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակն է, որը նշվում է մեծ շուքով ոչ միայն Հայաստանում: Հոբելյանական միջոցառումներն արդեն մեկնարկել են:
Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը կնշանավորվի բազմաթիվ ու տարաբնույթ միջոցառումներով, որոնք կանցկացվեն Երևանում, Դսեղում և Թբիլիսիում:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am-ը