Մամուլ

Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է․ վարորդը դիմել է փախուստի

Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է․ վարորդը դիմել է փախուստի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 00։40-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Ավշար գյուղի Խորենացի փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և նշված փողոցի 24 հասցեի դիմաց վրաերթի ենթարկել Ավշար գյուղի բնակիչ՝ 44-ամյա Ռուբիկ Անդրեասյանին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, ով մի քանի մետր շպրտվել է ու հայտնվել հարևանի տան բակում, տեղում մահացել է։ Վարորդն էլ դեպքի վայրից դիմել է փախուստի։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը, ապա դին պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային ու կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և մեքենան մոտեցրել ավտոքարշակին։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սարգսյանի գլխավորությամբ։

parekayin shtap ognutyun

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Mercedes-ը, երբ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել է բազալտե սալիկին, առաջ ընթանալով՝ կոտրել   գազատար խողովակի հենասյունն ու բնակչի տան քարե պարիսպը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արարատի ոստիկանները, ճանապարհային ոստիկաններն ու քննիչներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ ավտոմեքենան վարել է Արարատի մարզի Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավան թաղամասի բնակիչ՝ 22-ամյա Տ. Թ-ն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի վայրում հավաքված գյուղացիներն ասում էին. «Նշված վայրում հաճախակի են ավտովթարներ լինում, այդ թվում՝ ողբերգական; Բազմիցս դիմել ենք պատկան մարմիններին, որպեսզի այդ հատվածում, որտեղ կա դպրոց, մանկապարտեզ, տեղադրվի կամ արագաչափ, կամ արհեստական անհարթություններ, սակայն՝ ոչ մի օգուտ, ու վստահ ենք, եթե դրանցից որևէ մեկը լիներ, ապա այս դեպքը տեղի չէր ունենա։

Հիմա գոնե այս ողբերգական դեպքից հետո կառավարությունը, Արարատի մարզպետարանը գոնե  մի բան անեն, խելք-խելքի տան, էս խնդիրը լուծեն, հակառակ դեպքում նորից հայտնվելու ենք կոտրած տաշտակի առաջ»։

Կիսվել