Lայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը շատ բարձր եմ գնահատում․ Կարեն Վրթանեսյան «Հրապարակ»

Lայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը շատ բարձր եմ գնահատում․ Կարեն Վրթանեսյան

Hraparak.am-ը գրում է․ Քիչ առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել և դեսպանատան աշխատակիցներին, նրանց ընտանիքի անդամներին հորդորել է մոտ օրերին չգնալ Հայաստանի սահմանամերձ հատվածներ՝ Տավուշ, Գեղարքունիք, Սյունիք, Արարատի մարզի Երասխ համայնք և այլն։ Հատկանշական է, որ ԱՄՆ դեսպանատան նման հայտարարությունները երբեմն նախորդում են ՀՀ պետական սահմաններին ռազմական բախումներին։

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանին դեսպանատան հայտարարության կապակցությամբ հարցրինք, թե արդյոք անհանգստանալու առիթ կա՞․

«Անհանգստանալու առիթ կա ոչ թե հայտարարության կապակցությամբ, այլ իրավիճակի կապակցությամբ, այսինքն՝ մենք պատերազմի շեմին ենք, իսկ Հայաստանի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է»,- պատասխանեց Վրթանեսյանը։

Ինչքա՞ն է հավանականությունը, որ դեսպանատան հայտարարությանը կհաջորդեն ռազմական գործողություններ։ Փորձագետը պատասխանեց․

«Ես բավականին բարձր եմ գնահատում հավանականությունը լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման՝ գոնե Ջերմուկի վերջին այս սրացման մասշտաբի։

Այդ մասին իրականում Հայաստանի իշխանություններն են մի քանի անգամ ասել, իհարկե, առանց ժամկետների, բայց ասել են, որ իրավիճակը պայթյունավտանգ է, Ադրբեջանի հռետորաբանությունը լրիվ նախապատերազմական և պատերազմական հռետորաբանություն է։ Բացի դրանից, զգուշացում կա նաև Ֆրանսիայի կողմից, այնպես, որ հավանականությունը բավականին բարձր եմ գնահատում»։

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Հայաստան այցից հետո շատերը տպավորություն ունեին, որ ԱՄՆ-ն Հայաստանի անվտանգությունը երաշխավորում է, Վրթանեսյանին հարցրինք՝ արդյոք դեսպանատան հայտարարությունը չի հակասում այդ տրամաբանությանը․

«Նենսի Փելոսին անվտանգության որևէ երաշխիքի նույնիսկ ակնարկ չի արել, հակառակը՝ ասել է, որ ԱՄՆ-ն չի կարող անվտանգության որևէ երաշխիք տալ։

Ձեր ասած անվտանգության երաշխիքների այդ տպավորությունն ընդամենը Հայաստանում գտնվող արևմտյան որոշ ցանցերի ստեղծած քարոզչական փուչիկն էր՝ ընդ որում կարճատև»,- պատասխանեց ռազմական փորձագետը։