BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ և բռնկվել. փրկարարները դուրս են բերել մոխրացած 3 դիերը
BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ և բռնկվել. փրկարարները դուրս են բերել մոխրացած 3 դիերը։ Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 04:00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 59-րդ կմ հատվածում՝ Սուրենավան գյուղի վարչական տարածքում, բախվել են Վարոս Մարկոսյանի վարած BMW մակնիշի 01 МV 066 համարանիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ՝ 57-ամյա Ռազմիկ Ադամյանի վարած КамАЗ 53213 մակնիշի 777 TT 65 համարանիշի կցորդիչով բեռնատարը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BMW-ում հրդեհ է բռնկվել:
Հրշեջները, մարելով կրակը, BMW-ում հայտնաբերել են վարորդի և 2 ուղևորների՝ ամբողջովին մոխրացած դիերը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ BMW-ի վարորդը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու բախվել КамАЗ-ին, ինչից առաջացել է հրդեհ: Դեպքի վայրում հավաքված գյուղացիներն ասում էին. «Կրակը վայրկյանների ընթացքում տարածվեց, փրկարարները րոպեների ընթացքում 2 ավտոյով հասան դեպքի վայր, բայց ոչինչ չէին կարող անել, կրակը հանգցնելուց հետո նոր իմացանք, որ 3 հոգի վառվել է»։
Փրկարարները 1 ժամից ավելի տանջվեցին և հատուկ տեխնիկայի միջոցի օգտագործմամբ կարողացել են ավտոմեքենան մասնատել, որպեսզի դիերը դուրս բերեն: Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Ավետյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը Պարսկաստանից էր վերադառնում, ուղևորներն էլ մայր ու դուստր էին, ու նրանք բնակվում էին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում:
Աղբյուր՝ shamshyan.com