Մամուլ

Ինչ է սպասվում առանց արտակարգ դրության

Ինչ է սպասվում առանց արտակարգ դրության

Hraparak.am-ը գրում է. Հայաստանում կորոնավիրուսային հինգ ամիսներից հետո իշխանությունները վերջապես շրջանառության մեջ դրեցին օրենսդրական համալիր փաթեթ, որը կգործի «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի փոխարեն։ Ավելի ճիշտ՝ որոշակի փոփոխություններ ու լրացումներ են առաջարկում արդեն իսկ գործող օրենքներում, որոնք կառավարությանը թույլ կտան համավարակի պայմաններում ձեռնարկել բնակչության առողջության եւ կյանքի պաշտպանության համալիր քայլեր։

Մի բան, որի մասին հինգ ամիս շարունակ խոսում էին ընդդիմադիրները՝ հիշեցնելով, որ ՀՀ օրենսդրությունը թույլ չի տալիս անընդմեջ երկարացնել արտակարգ դրությունը, չարաշահել այդ ռեժիմը, դա ընդհանրապես վնասից բացի օգուտ չի բերում որեւէ պետության, չի բացառվում, որ այլ երկրներ Հայաստանի հետ փակ սահմանները պահում են նաեւ այս պատճառով։

Ուստի հարկավոր է մի փոքր նեղություն քաշել, լրացնել օրենսդրությունը, առկա կարգավորումները սինխրոնացնել համավարակի մարտահրավերների հետ։ Ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք։ Փոփոխություններն առաջարկված են, փաթեթը կքննարկվի սեպտեմբերի 4-ին նշանակված Ազգային ժողովի արտահերթ նիստում։

Նկատենք, սակայն, որ հանրության շրջանում թյուր մտայնություն է ձեւավորվել, որ եթե արտակարգ դրությունը չի երկարացվելու, կարելի է թեթեւացած շունչ քաշել՝ վերջ դիմակային կյանքին, վերջ հնարավոր մեկուսացում-ինքնամեկուսացման պահանջներին, ազատ տեղաշարժի, հանրային հավաքների սահմանափակումներին, եւ այսպես շարունակ։

Սակայն շրջանառության մեջ դրված փոփոխությունները պատկան մարմիններին թույլ են տալու կիրառել ճիշտ նույն սահմանափակումները, որոնք եղել են մինչ օրս, պարզապես պարետի փոխարեն այդ գործառույթը կատարելու է «լիազոր մարմնի ղեկավարը», իսկ արտակարգ դրության փոխարեն սահմանվելու է կարանտին․ «Վարակիչ հիվանդությունների` Հայաստանի Հանրապետության տարածք ներբերման (ներթափանցման), դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման, ինչպես նաեւ դրանց հետեւանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին:

Կարանտինը վարակիչ հիվանդությունների բռնկումները, համաճարակները տեղայնացնող, վերացնող, վարակի օջախները մեկուսացնող եւ վարակի հետագա տարածումը, վարակիչ հիվանդությունների ներբերումը (ներթափանցումը) կանխող ռեժիմ է, որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում (հասցեներում)»։

Կարանտին սահմանելու մասին որոշումը, լիազոր մարմնի առաջարկությամբ, կայացնում է կառավարությունը․ «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ պետական սահմանի անցման կետում, կամ համաճարակի (կարանտինային) գոտին երկու կամ ավելի մարզ (ներառյալ` մեկ կամ ավելի մարզեր եւ Երեւան քաղաքը) ներառելու դեպքում, այդ թվում` արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող կարանտինի դեպքերում», ինչպես նաեւ՝ մարզպետը եւ Երեւանի քաղաքապետը` «Երեւան քաղաքում կամ դրա առանձին տարածքում, այդ թվում՝ Երեւան քաղաքում գտնվող կամ գործունեություն իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության կամ կազմակերպաիրավական ձեւից) գտնվելու կամ գործունեության իրականացման վայրում»։

Կարո՞ղ է արդյոք լիազոր մարմնի ղեկավար նշանակվել այսօրվա պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, թե՞ պետք է այն ընտրվի մասնագիտական հանրույթից․ փաթեթում այս մասին հստակ ձեւակերպում չի տրվում։

Օրենքը սահմանում է, որ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության իրականացման նպատակով ստեղծվում է պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայություն (ՊՀՀԾ): ՊՀՀԾ-ն ստեղծվում է ՀՀ-ում գործող սանիտարահակահամաճարակային ծառայության մարմինների եւ հիմնարկների բազայի վրա, իսկ դրա ղեկավարումն իրականացվում է ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժշկի կողմից: «ՊՀՀԾ-ի կառավարման եւ ֆինանսավորման կարգը, կառուցվածքը եւ լիազորությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

Իսկ առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարին որոշում է կառավարությունը։ Վերջինն էլ կարանտինի ժամանակ է իր հերթին սահմանում բնակչության անհատական պաշտպանության միջոցների ցանկը, դրանց կիրառման կարգն ու պայմանները, ինչպես նաեւ սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները։ Ի դեպ, անհատական պաշտպանության միջոցների անվան տակ կարելի է հասկանալ դիմակ կամ ձեռնոց կրելու պարտադրանքը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել