Վիրաբույժ Նիկոլայ Դալլաքյանը բացառիկ վիրահատությամբ փրկել է նորածնի կյանքը․ ֆոտո
Վիրաբույժ Նիկոլայ Դալլաքյանը բացառիկ վիրահատությամբ փրկել է նորածնի կյանքը
Sputnik Արմենիան գրում է․ Մեկ ամսական աղջնակի բախտը բերել է, որ բժիշկները մի փոքր ուշ են ախտորոշել իր մոտ եղած ահռելի չափերի հասնող նորագոյացությունը` տերատոման, հակառակ դեպքում նա առհասարակ լույս աշխարհ չէր գա։
Մինչև հազվագյուտ դեպքի մասին կխոսենք նորածնի կյանքը փրկած ու բացառիկ վիրահատություն իրականացրած բժշկի հետ, մեզ հնարավորություն է տրվում տեսնել նորածնին։
Նա, ճիշտ է, այնքան էլ գոհ չէր մեր այցից ու լաց էր լինում էր, սակայն անգամ երեխայի լացն է գոհացնում բժիշկներին. «Լավ է, աշխույժ երեխա է», – ասում են նրանք։
Հունվարի 2-ին «Մարգարյան» ծննդատանը 3.5 կգ քաշով ծնված երեխայի կոնքային հատվածում 1.2 կգ քաշով նորագոյացություն է եղել. ուռուցքը երեխայի գլխից երկու անգամ մեծ էր։
Կեսարյան հատումով ծնված երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները սկսել են հետազոտել նրան։
ԲԿ-ի տնօրեն, վիրաբույժ Նիկոլայ Դալլաքյանը լրագրողներին հայտնեց` իր պրակտիկայում նորածինների շրջանում նման քաշով ուռուցք դեռ չէր հայտնաբերվել, սակայն անհրաժեշտ հետազոտություններն անելուց հետո բժիշկները որոշել են վիրահատել ու հեռացնել այն։ 3.5 ժամ տևած վիրահատությունը երեխային երկրորդ կյանք է պարգևել։
«Հազվադեպ հանդիպող գոյացությունը սկսվում էր ուղիղ աղիքից (հետանցքի շրջանից), և այն հեռացնելու ժամանակ բավականին մեծ վտանգ կար աղիքը վնասելու։ Սակայն, բարեբախտաբար, ամեն ինչ հաջող ընթացավ։ Մեզ հաջողվեց առանց ֆունկցիոնալ խանգարումների վիրահատությունն իրականացնել»,–ասաց բժիշկը։
Հետվիրահատական շրջանն էլ բավական սահուն է ընթացել և, ըստ բժիշկների, բոլոր նախադրյալները կան, որ երեխան առողջ կմեծանա։ Ի դեպ, նման գոյացություն հնարավոր է հանդիպել 40 000 նորածիններից միայն մեկի մոտ։
Դալլաքյանը պատմեց, որ պտղի մոտ նորագոյացությունը հայտնաբերվել է բավական ուշ, հակառակ դեպքում` պտուղը կհեռացնեին։
Իսկ, ահա, մոր բախտը բերել է, որ, առհասարակ, ներարգանդային ուլտրաձայնային հետազոտություն կա, որը հնարավորություն է տվել կանխավ իմանալ ուռուցքի մասին ու կեսարյան հատմամբ երեխային լույս աշխարհ բերել։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում