Գայլի Ավետարանի և ոչխարի հոտի մասին
Հրապարակը գրում է․ Գայլի Ավետարանի և ոչխարի հոտի մասին։ ՀՀ վարչապետի ավագ դուստր Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գնալով ավելի եմ համոզվում, որ մեդիա դաշտը Հայաստանում խորքային եւ էական բարեփոխումների կարիք ունի: Անհասկանալի է, թե ինչպես են որոշ կայքեր, աշխատելով նույն պայմաններում, նույն շուկայում, ունենալով նույն թիրախային շուկան, էականորեն տատանվում իրենց եկամուտների եւ շահույթի մեջ, իսկ ոլորտի կայուն զարգացման համար անհրաժեշտ է կայուն մոդել: Սա մի բան է վերահաստատում. որ ոլորտը «կաշառված» է, ոլորտում շատերը ծառայում են X խմբերի կամ պաշտպանում X խմբի շահերը:
Իհարկե, նախկինում էլ սա արդիական էր, սակայն սոցիալական ցանցերի լայն օգտագործումը, օգտատերերի եւ կայքերի թվի աճը պարզապես խորացրել են նախկինում ծառացած խնդիրները»: Ճիշտն ասած՝ այնքան էլ հասկանալի չէ, թե ինչ է ուզում ասել Մարիամիկը, բայց ինձ չգիտեմ ինչու թվում է, որ նրա ասածների մեջ ոսկի խոսքեր կան: Օրինակ՝ «ոլորտի կայուն զարգացման համար անհրաժեշտ է կայուն մոդել»: Այ, եթե ունենանք մեդիադաշտի կայուն մոդել, ոլորտը կսկսի կայուն զարգանալ:
Կայուն մոդել, կայուն մոդել… Ախր, Մարիամիկ ջան, այսքանը գրել էիր, մի հատ էլ կայուն մոդել նկարեիր թղթի վրա ու Ճպպացնեիր գրառմանդ տակ, դժվա՞ր էր: Թե չէ հիմա մեդիադաշտի ասերը նստել, գլուխ են ջարդում, թե դա որն է: Գուցե ընտանյոք հանդերձ գիտեք, թե ինչ ասել է մեդիադաշտի կայուն մոդել, բայց մենք՝ հասարակ մահկանացուներս, որոնց գիտակցական ողջ կյանքն անցել է նախկինների օրոք, սովետից մինչեւ Սերժ, այդպիսի բան ո՛չ տեսել ենք, ո՛չ լսել, թեեւ մեդիադաշտի «կայունության» շրջաններ հիշում ենք:
Բրեժնեւի ժամանակ, օրինակ, ամենակայունը հենց մեդիադաշտն էր՝ կայուն լրատվություն՝ հնգամյակը 4, 3 եւ նույնիսկ 2.5 տարում կատարելու, կովերի կաթնատվության անշեղ աճի, կոլխոզի նախագահների, շրջկոմների քարտուղարների, հոկտեմբերիկների, կոմերիտականների, կուսակցական գործիչների անբիծ նկարագրի մասին: Բրեժնեւի ժամանակ կայուն կոռուպցիա չկար, Մարիամիկ ջան:
Այդ մասին մեդիադաշտը պարզապես կայուն լռում էր, ու մենք կատարյալ երջանկության մեջ էինք: Իսկ ինչ վերաբերում է անկախության շրջանի մեդիադաշտին, այն հատուկ կայունությամբ աչքի չի ընկել եւ այսօր էլ հեչ կայուն չէ: Բայց հենց այդ անկայունության շնորհիվ էր, որ մենք ճանաչեցինք մեր օլիգարխներին, ընտրակեղծարարներին, թալանչի ու վատնող պաշտոնյաներին, շքեղությունների սիրահար նրանց կանանց ու երեխաներին:
Բրեժնեւի վախտ մենք մեզ նույնիսկ թույլ չէինք տալիս անկայուն բաներ մտածել երկրի ղեկավարների անձնական կյանքի մասին: Չգիտեինք, թե ովքեր են նրանց երեխաները, ինչպես են անցկացնում իրենց արձակուրդը, տեղյակ չէինք, թե որ խանութներից էին առեւտուր անում: Համեմատության եզրեր ուղղակի չկան: Այսինքն ի՞նչ, վերադառնանք կայունության խորհրդային մոդելի՞ն:
Խորհրդային ժամանակների կայունությունից անտեղյակ Մարիամիկը համոզված է, «որ ոլորտը «կաշառված» է, ոլորտում շատերը ծառայում են X խմբերի կամ պաշտպանում X խմբի շահերը»: Դարձյալ ոսկի միտք: Եթե չեմ սխալվում, ես այսպիսի միտք մեկ էլ լսել եմ մի քանի ամիս առաջ… Հա էլի, հենց Մարիամիկի մայրիկից եմ լսել, Անթիլիասում, որտեղ նա ելույթ էր ունենում Արամ Առաջինի ներկայությամբ ու ասֆալտին փռում հայաստանյան մեդիադաշտը: Դեռ այն ժամանակ իմ մեջ հարց առաջացավ՝ իսկ կաշառված չե՞ն, արդյոք, համաշխարհային ճանաչում ունեցող լրատվամիջոցները, որոնք այս կամ այն մեդիամագնատի տիրույթում են գործում կամ ֆինանսավորվում որոշակի աղբյուրներից:
Այսինքն՝ «X խմբեր» կամ «X խմբերի շահեր» ասվածը ողջ աշխարհին է բնորոշ, բայց թե ինչու աշխարհում ոչ ոք չի նեղվում այդ վիճակից, եւ միայն մեր Մարիամիկն է մտնում այդ մեծ հոգսի տակ, մնում է անհասկանալի: Իսկ գուցե ճիշտ չէ այս դեպքում «կաշառված» բառի՞ օգտագործումը: Ամեն դեպքում, Մարիամիկն այն դրել է չակերտներում՝ խնայելով հայաստանյան մեդիադաշտի անխոնջ մշակներին: Հատուկ շնորհակալություն դեռատի Մարիամիկին՝ նման հասուն մոտեցման համար:
Սրանով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր ոսկի մտքերը չեն ավարտվում: Ուշադրություն դարձրեք վերջին մտքին. «Իհարկե, նախկինում էլ սա արդիական էր, սակայն սոցիալական ցանցերի լայն օգտագործումը, օգտատերերի եւ կայքերի թվի աճը պարզապես խորացրել են նախկինում ծառացած խնդիրները»:
Այստեղ են ասել՝ ՀՀ ապագա կին վարչապետները ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած: Մարիամիկ ջան, կասե՞ս, թե քո իմացած անցյալը մինչեւ ուր է հասնում: Ես հաստատ ժամանակի զգացողության խնդիրներ չունեմ, չեմ էլ ունեցել, աղջիկ ջան, բայց չեմ կարողանում ընկալել ժամանակի հաշվարկման քո միավորը: Ես կհասկանայի, եթե անցյալի մասին խոսեին ծնողներդ, որոնք իրենց աչքերով են տեսել քո մատնանշած «նախկինը», ավելին՝ եղել են լրատվության եւ մեդիադաշտի «ականավոր» ներկայացուցիչներ:
Մարիամիկ ջան, նաեւ մի մոռացիր, որ խառնակ ժամանակներ են, եւ քո անզգույշ գրառումով, կներես արտահայտության համար, հանկարծ «փուռը կտաս» սեփական «նախնիներիդ»՝ իմ գործընկերներ Նիկոլին ու Աննային: Ի՞նչ է, նրանք է՞լ են կաշառված եղել եւ սպասարկել X խմբերի շահերը: Գիտես, չէ՞, որ նախկինում էլ «Հայկական ժամանակ» թերթ է եղել, որ այսօր դարձել է խիստ կայուն լրատվություն տարածող պաշտոնաթերթ:
Ընթերցողները երեւի կասեն՝ ի՞նչ ես խելքդ դրել երեխու հետ, բան է՝ գրել է: Չէ, այդպես չի կարելի: Իմ փորձից գիտեմ, որ մեդիադաշտում հաջողության հասնելու համար շատ կարեւոր է, որ քեզ նկատեն ու կարծիք հայտնեն քո հրապարակային խոսքի մասին: Լավ, թե վատ՝ էական չէ: Ես վստահ եմ, որ եթե Մարիամիկը լրագրողական ջիղ ունի, այն անպայման ավելի կամրապնդվի իմ այս հոդվածից հետո: Ինչքան չլինի՝ նրա հայրն էլ է ինձնից բաներ սովորել, այդ թվում եւ՝ լրագրություն: Միայն թե Նիկոլն իր դստերը դեռ հասցրած չլինի պատմել, թե «նախկինում» ոնց էին մեզ «կաշառում» նորանկախ Հայաստանի մեդիադաշտում «մայմունություն» անելու համար:
Աղբյուր՝ hraparak.am