Աշխատավարձով ոչ ոք չի կարող Հայաստանում հարստանալ, հարստանում են կամ բիզնեսով, կամ կոռուպցիայով. Արման Եղոյան
Աշխատավարձով ոչ ոք չի կարող Հայաստանում հարստանալ, հարստանում են կամ բիզնեսով, կամ կոռուպցիայով: Այս մասին այսօր ԱԺ-ում Նոր Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ ասեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
«Էլի դա պտտվում է շրջհարկի, շահութահարկի տեսքով էլի գնում է պետբյուջե: 800 հազարից ավելի աշխատավարձ ստացողների թիվը մոտ 5-6 հազար մարդ է, այսինքն, 205 հազար մարդ Հայաստանում ստանում է 800 հազարից ավելի քիչ աշխատավարձ, 205 հազարն օգտվելու է այս փոփոխությունից:
Մենք այսօր խոսում ենք սոցիալական արդարությունից, ասում են՝ դասակարգային պայքար: Եկեք նայենք, օրինակ, 150 հազար ստացողին ու 250 հազար ստացողին, նրանք տարբե՞ր դասակարգերի մարդիկ են, այսինքն, 250 հազար ստացողը հարուստն է, 150 հազար ստացողը աղքա՞տն է: Չէ, նույնն է:
Հաճախ նույն ընտանիքի անդամներ են՝ նույն ընտանեկան բյուջեով: Ովքե՞ր են էս մարդիկ, սովորական աշխատողներ, ում աշխատավարձն աճելու է 5%-ով: Պետությունն ասում է՝ եղբայր, էս 5%-ը պահիր, ծախսիր քո ընտանիքի ծախսերի վրա»:
Եղոյանն ասաց, որ սեղմված գազի, բենզինի հետ կապված մտահոգություններ ունի, որովհետեւ այդ ապրանքատեսակների ակցիզային հարկի բարձրացման հաշվին է փակվելու եկամտահարկի ճեղքը.
«Եկեք հակառակ կողմից մոտենանք՝ մենք էդ 1 մլրդ-ը չե՞նք կարող հարկային վարչարարությամբ հավաքել: Մենք ի՞նչ մեսիջ ենք հղում էդ մարդկանց, ինչի՞ հնարավոր չի թողել նույնը վառելիքի, բենզինի, դիզելի հարցով: Ծխախոտի եւ ոգելից խմիչքի հետ կապված խնդիր չեմ տեսնում:
Գույքահարկի հարցը լուծված չի: Եթե ուզում ենք անդրադառնալ դասակարգային խնդիրներին, պետք է նայենք մարդու գույքին, ոչ թե աշխատավարձին: Աշխատավարձով ոչ ոք չի հարստանա՝ ուզում է 1 մլն ստանա, ուզում է՝ 2 մլն: Աշխատավարձով ոչ ոք չի կարող Հայաստանում հարստանալ, հարստանում են կա՛մ բիզնեսով, կա՛մ կոռուպցիայով:
Հիմա կոռուպցիայով զբաղվողներով զբաղվում են, մնաց բիզնեսը: Մոնումենտում եռահարկ առանձնատուն ունեցող մարդը շատ տրամաբանորեն, սոցիալական արդարության նկատառումներից ելնելով, պետք է մուծի ավելի շատ գույքահարկ, քան նույն Մոնումենտում հարեւանությամբ թեկուզ 3 սենյականոց բնակարանի համար: Մանրամասն քաղաքը պետք է քարտեզագրվի՝ փողոց առ փողոց, գույք առ գույք: Այն մարդիկ, ովքեր իրենց կարող են թույլ տալ ճոխություններ, խնդրեմ՝ ճոխության հարկ»: