Մամուլ

Առաջիկայում Հայաստան մտնող դոլարի քանակն ավելի է մեծանալու․ դոլարի անկումը շարունակվում է․ «Հրապարակ»

Առաջիկայում Հայաստան մտնող դոլարի քանակն ավելի է մեծանալու․ դոլարի անկումը շարունակվում է

Hraparak.am-ը գրում է․ Կենտրոնական բանկի տվյալներով, Հայաստանում դոլարի փոխարժեքի անկումը շարունակվում է։ Այսքան ցածր  փոխարժեք վերջին տասը տարում չենք ունեցել։ Փետրվարի 24-ին  բանկերում դոլարը գնվում էր 385-387 դրամով, վաճառվում էր 390.50-397 դրամով, ինչը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.66 դրամով։

Եվրոյի փոխարժեքը եւս իջնում է։ 

Դեռ որքան է շարունակվելու Հայաստանի արտադրողների համար վտանգավոր այս գործընթացը՝ ոչ ոք չգիտի։ Կուրսի անկումը կախված է ՌԴ-ից եկող արտարժույթի հոսքից, որն օր-օրի ավելանում է։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը հիշեցնում է, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման վերջին տարիներին, երբ վարչապետը Տիգրան Սարգսյանն էր, ավելի ցածր փոխարժեք ենք ունեցել՝ մինչեւ 300 դրամ։

Հայաստանի այսօրվա իրավիճակը նա համեմատում է 2000-ականների հետ, երբ մեծ քանակությամբ դրսից գումար էր ներդրվում շինարարության համար, եւ դոլար-դրամ փոխարժեքը կտրուկ իջել էր։

«Այն ժամանակ 550-600 դրամ էր փոխարժեքը, եւ երեք տարում իջավ մինչեւ 300 դրամ։ Հետագայում՝ 2008-ին, երբ որ սկսվեց գլոբալ ճգնաժամը հիփոթեքային շուկայում, փողի հոսքը կրճատվեց, եւ մեկ տարում մենք մինուս 14 տոկոս անկում ունեցանք, եւ մեկ ամսվա ընթացքում 300 դրամից դոլարը դարձավ 380 դրամ։

Այժմ Ռուսաստանից եկող հոսքերի հետ կապված՝ մեզ մոտ այսպիսի իրավիճակ է՝ մեծ քանակությամբ արտարժույթ է գալիս Ռուսաստանից՝ կանխիկ եւ անկանխիկ»,- ասում է նա։

Պաշտոնապես միայն անկանխիկ, բանկային փոխանցումներով՝ այս տարի ՌԴ-ից եկել է 3,6 մլրդ դոլարի չափով գումար, ինչը 3 անգամ ավելի է անցյալ տարվա համեմատ։

Պարսյանը կանխատեսում է՝ առաջիկայում Հայաստան մտնող դոլարի քանակն ավելի է շատանալու։ «Որքան որ ՌԴ-ում ռազմական իրավիճակը սրվում է, այնքան ավելի մեծ հոսքեր են սպասվում։

Հիմա խոսակցություն է գնում նոր մոբիլիզացիայի մասին, եւ նոր մարդկային հոսք է սպասվում Հայաստանում։ Դրան գումարվում է նաեւ այն, որ Հայաստանը վերաարտահանում է մեծ քանակությամբ, այսինքն՝ ապրանքներ է բերում Հայաստան ու արտահանում է Ռուսաստան, ինչից կրկին արտարժույթի տեսքով գումարներ են գալիս»։  

ԿԲ-ն հունվարին մոտ 400 մլն դոլարով նվազեցրել էր պետական պահուստները։ Ոչ մի տեղեկություն չկա այն մասին, թե ինչ են արել այդ 400 մլն դոլարը։ «Չենջ են արել, ներդրել են տնտեսության մեջ, ինչ-որ կապիտալ են արել՝ այդ մասին ինֆորմացիա չկա։

Ենթադրենք, եթե չենջ են արել, ապա փոխարժեքի անկմանը նպաստելու է նաեւ այդ 400 մլն դոլարը՝ դրամի վերածված։ Դա է պատճառը, որ այս պահի դրությամբ ահռելի քանակությամբ դոլար կա Հայաստանի տնտեսության  մեջ, որը ՀՀ տնտեսությունը չի կարողանում մարսել, եւ արհեստական ձեւով փոխարժեքն իջնում է, գնողունակություն չունի դոլարը»։ 

Ո՞ր ճյուղերի համար է վտանգավոր այս գործընթացը։ «Մեր արտադրողները մեծապես տուժում են։ Հանքարդյունաբերական ձեռնարկություններն են արդեն գանգատվում, որ այս փոխարժեքով նրանք չեն կարողանում նույնիսկ իրենց ծախսերը հոգալ, չնայած մետաղի գները դեռ բարձր են։

Էլ չասած, որ տարբեր՝ արդյունաբերական մշակման ոլորտներում ունենք անկում՝ գինեգործության, հրուշակագործության, եւ սա պայմանավորված է դոլարի ցածր փոխարժեքով։ Այ Թի ոլորտում, չնայած պաշտոնապես ունենք աճ՝ 40-50 տոկոսով, բայց դա ապահովել ենք ռուսական Այ Թի ընկերությունների հաշվին։

Այսինքն՝ ռուսական ընկերությունները եկել են այստեղ, ընկերություն են բացել եւ ԱՄՆ-ից դոլար են բերում Հայաստան»,- պատասխանում է Սուրեն Պարսյանը։ Այսինքն՝ սա մեր աճը չէ, եւ վաղը ռուս «այթիշնիկները» կարող են գնալ։

Կիսվել