Մամուլ

Ռուսաց լեզվին կարգավիճակ տալուն կհաջորդի ռուսական անձնագրերի տրամադրումը

Ռուսաց լեզվին կարգավիճակ տալուն կհաջորդի ռուսական անձնագրերի տրամադրումը

1in.am-ը գրում է․ Արցախի Ազգային ժողովի պատգամավորները շրջանառության մեջ են դրել «Լեզվի մասին» 2013 թվականին ընդունված օրենքում փոփոխությունների նախագիծ։ Նախագծով նախատեսվում է ռուսերենը ևս դարձնել ԱՀ պաշտոնական լեզու։

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խրախուսում է հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն և ռուսերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեղեկատու, գիտամեթոդական, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը»,-  նշված է նախագծում:

Որպես հիմնավորում նշվում է. «Հաշվի առնելով Արցախի և Ռուսաստանի մշակութային, ռազմական, տնտեսական հարաբերությունների  պատմական հիշողությունը և այն փաստը, որ բազմաթիվ արցախցիների համար շփման երկրորդ լեզու է հանդիսանում ռուսերենը` կարևոր ենք համարում նոր որակի հարաբերությունների վերաարժևորումը և նոր օրակարգի ձևավորումը:

Այս համատեքստում առաջնահերթ ենք համարում ռուսաց լեզվի կարգավիճակի բարձրացումը, ինչն անհրաժեշտ  պայմաններ կստեղծի բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար, իսկ տեսանելի ապագայում կնպաստի  իրավական շրջանակներում հարաբերությունների զարգացմանը:

Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայության և բազմաթիվ սոցիալական և հաղորդակցային խնդիրների համատեղ լուծման անհրաժեշտության ըմբռնումը, շինարարության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում  համագործակցությունը պահանջում են ռուսաց լեզվի դերի վերագնահատում»:

Արցախ խորհրդարան

«Ժառանգություն» կուսակցության նախագահ, լեզվաբան Նարինե Դիլբարյանի կարծիքով՝  որոշումը վտանգավոր է, և սրան կարող են հաջորդել այլ՝ ավելի վտանգավոր միտումներ, ընդհուպ մինչև արցախցիներին Ռուսաստանի անձնագրերի տրամադրումը: «Անկեղծ ասած, համոզված եմ, որ այս նախագիծը բոլորովին թելադրված չէ Հայաստանի ազգային շահերից և ընդհանրապես Արցախի խնդիրների լուծման մտահոգությունից։ Խիստ զգայական որոշում է։

Ռուսերենին առանձնահատուկ կարգավիճակ տալն ընդամենը խոսում է մեր ազգային ինքնության հերթական ճգնաժամի մասին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ պետք էր բարձրացնել ռուսերենի և ընդհանրապես օտար լեզուների ուսուցման մակարդակը. «Դրա համար  բացարձակ անհրաժեշտություն չկար այդ լեզվին  շնորհել պետական կարգավիճակ։

Մենք կատարում ենք հին սխալները։ Հիշում եք արցախյան շարժման առաջին փուլը, որի ընթացքում մենք տեսնում էինք, որ Ադրբեջանի կազմում լինելով՝ արցախցիները չէին կարողանում խոսել հայերեն։ Քաղաքի բնակիչները խոսում էին միայն ռուսերեն՝ իրենց բնորոշ առոգանությամբ, իսկ գյուղերի բնակիչներից ամեն մեկը խոսում էր Արցախի հնագույն բարբառի իրենց ենթաբարբառներով։

Վերջին ամենակարևոր նվաճումը, որ անցած հինգ տարիներին ես արձանագրել էի պարբերաբար Արցախ գնալով, հայերեն խոսքի մշակույթի բարձրացումն էր։ 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կաքյում

Կիսվել