8 հազար դրամանոց անալիզի դիմաց պետությունից 200 հազար դրամ է գանձվել. նախարար (տեսանյութ)

Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան եթերում փաստեր է ներկայացրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բկ-ի շուրջ զարգացող իրադարձությունների վերաբերյալ․ «Այն ամենամեծ պետական ֆինանսավորում ունեցող հիմնարկն է, համարվել է բյուջեից ամենամեծ բաժինը ստացողը՝ տարբեր հանգամանքների բերումով, բայց հիմնականում երևի պարզ է՝ որ հանգամանքի:

Մարդիկ փաստեր են ուզում, ասում են՝ անհիմն ազատել եք աշխատանքից: Ցանկացած պետական հիմնարկի ղեկավարին կարող է լիազոր մարմինը ազատել աշխատանքից՝ արդյունավետությունը բարձրացնելու համար: Այս հիվանդանոցում չարաշահումներն այնքան շատ են ու սիստեմատիկ, որ դրանք անգամ չէին դադարում ստուգումների օրերին, մենք մինչեւ հիմա ստանում ենք ահազանգեր չդադարող թալանի մասին, երբ հիմնարկում ստուգումներ են:

Իսկ որտեղի՞ց չարաշահումները. մարդիկ պարզապես հանձնել են արյան անալիզ, բայց թղթերով ստացվում է, որ այդ մարդիկ պառկել են հիվանդանոց ու մոտ 200 հազար դրամի բուժում են ստացել: Պատկերացրեք՝ դա 8 հազար դրամի փոխարեն:

Այս բժշկական կենտրոնը 2001 թվականից այս կողմ որեւէ անգամ ստուգման չի ենթարկվել, իսկ մենք այս պահին ստուգում ենք միայն 2016, 2017 թվականներն ու 2018-ի մի մասը, պատկերացրեք մի քանի տարի հետ գնանք՝ չարաշահումները հարյուրավոր միլիոնների կհասնեն:

Կատարվել են անհասկանալի գնումներ՝ հիմնականում նույն մարդկանցից, կոնկրետ նույն մարդուց, նորմալ վճարումներ չեն կատարվել աշխատողներին, ու հիմա անհասկանալի է բժիշկների բողոքը: Եթե մարդիկ տեսարանների են սպասում, խնդրեմ՝ 8 հազար դրամանոց անալիզի փոխարեն պետությունից գանձվել է 200 հազար դրամ, ու էդ թղթերը ստորագրած մարդիկ հիմա ցույց են անում, սա կազմակերպված հանցագործություն է, սա բանդա է, որը հիմա ցույց է անում՝ պարագլուխի համար:

99 տոկոսով վստահ եմ, որ այստեղ կան քրեածին տարրեր: Ես այսօր կամային որոշում եմ կայացրել, որը վերջին 20 տարում չի կայացրել որեւէ առողջապահության նախարար, որովհետեւ ստուգումներն ընթանում են, բայց մարդիկ ներսում նույն սկզբունքով աշխատում են, ահազանգերն ու փաստերը նույնն են:

Այսօրվա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն իրոք ժամանակավոր է: Այս հիվանդանոցը պետք է սկսի նորմալ աշխատել, քանի որ այն ՀՀ առողջապահության հարցն է, այս հիվանդանոցը վիշապի նման նստած է եղել ՀՀ առողջապահական համակարգի վրա, ու այժմ այդ հրեշը պետք է գլխատվի»: