Մամուլ

60 մլն դոլարի ներդրում, 1500 աշխատատեղ. մանրամասներ Ապարանում նախատեսված լեռնային համալիրի կառուցումից (ֆոտո)

60 մլն դոլարի ներդրում, 1500 աշխատատեղ. մանրամասներ Ապարանում նախատեսված լեռնային համալիրի կառուցումից (ֆոտո)

Armtimes.com-ը գրում է․ Արագածոտնի մարզի Ապարան համայնքում նախատեսված լեռնային համալիրի ստեղծման առաջին փուլում 60 մլն դոլարի ներդրում կկատարվի: Խոշոր համալիր է ստեղծվելու՝ ճոպանուղի, սահուղի, ռեստորան, հյուրանոց եւ այլն:

Օրեր առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը քննարկման էր դրել «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲ ընկերությանը Ապարան համայնքի տարածքում 2070 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում ներդրումային ծրագիր իրականացնելու վերաբերյալ նախագիծը:

Նախարարությունը նշել է, որ ՀՀ-ն՝ որպես լեռնային զբոսաշրջության ուղղություն, տարածաշրջանում ամենաթույլ դիրքերում է. որպես առաջատար հանդես է գալիս Վրաստանը, իսկ հետո՝ Ադրբեջանը։

Ներդրումային ծրագրի գաղափարը «Միկշին» ՍՊԸ հիմնադիր Տիգրան Հարությունյանինն է, այն իրականացնում է «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ գործադիր տնօրեն Մհեր Բաղդասարյանը:

aparan resort

– Պարո՛ն Բաղդասարյան, ի՞նչ ներդրումային ծրագիր է ցանկանում իրականացնել ձեր ընկերությունը կմանրամասնե՞ք: 3 տարի առաջ Լոռու մարզում էր կարծես այս ծրագիրը նախատեսված:

– Ճիշտ եք նկատել՝ 3 տարի առաջ ծրագիրը պլանավորվում էր Լոռու մարզում իրականացնել: Հրավիրվել էր կանադական «Էկոսայն մաունթպլաներ» կազմակերպությունը, որը լեռնադահուկային հանգստյան գոտիներ նախագծելու գործում աշխարհում առաջինն է, 40-ից ավելի ծրագրեր են իրականացրել: Նրանք ուսումնասիրել են ամբողջ Հայաստանը եւ առաջարկել են վայրեր, որոնք պոտենցիալ ունեն լեռնային համալիր հանգստավայր դառնալու: Մեր կազմակերպության ներսում սկզբում որոշել էինք Լոռու մարզի Անտառաշեն գյուղում կառուցել, սակայն հետագայում մի շարք պատճառներից ելնելով որոշեցինք Ապարանում կառուցել:

– Ընդհանուր ի՞նչ ծավալի ներդրումներ են նախատեսված:

– Սա չոր բիզնես ծրագիր է, որը բաժանված է փուլերի: Առաջին փուլում կատարվում է 15 մլրդ դրամի ներդրում եւ հենց այդ փուլում նախատեսված է ներգրավել օտարերկրյա ներդրող եւս 15 մլրդ դրամ ներդրումով: Այսինքն՝ առաջին փուլի ավարտին 60 մլն դոլարի ներդրում է լինելու: Կան արտասահմանյան կազմակերպություններ, որոնք շատ հետաքրքրված են այդ 15 մլրդ-ի ներդրումն անելու հարցում:

lernayin hamalir

– Բացի ճոպանուղուց եւ սահուղուց ինչե՞ր են կառուցվելու:

– Գրեթե ամեն ինչ կառուցվելու է: Միայն առաջին փուլով նախատեսվում է կառուցել հյուրանոցներ, ռեստորաններ, ճոպանուղի, առեւտրային հարթակներ, խանութներ, հանդերձարաններ, սրճարաններ, դահուկների վարձույթի տեղ, դահուկային դպրոց, արհեստանոցներ, բուժկետ, կապի կայաններ, պահեստներ եւ այլն: Այսինքն՝ սա զրոյից ստեղծվող արժեք է իր բոլոր հարմարություններով:

– Առաջին փուլն իրականացնելու համար որքա՞ն ժամանակ է պետք:

– Կախված է նաեւ եղանակային պայմաններից: Այս փուլում սպասում ենք Կառավարության մի շարք որոշումների: Մենք ներկայացրել ենք մեր տեսլականը եւ սպասում ենք, որ Կառավարությունը հնարավորություն տա այս ծրագիրն իրականացնելու, որից հետո, հավատացեք, ունենք այդ ռեսուրսը կարճ ժամկետում սկսելու ծրագիրը: Մոտավորապես 2-3 տարվա ընթացքում հնարավոր կլինի անել:

Կիսվեք էջում