Մամուլ

55 ժամ ղեկին անցկացրած 13-ամյա արցախցի Գոռը Երևանում վարսավիրի մասնագիտություն է սովորում

55 ժամ ղեկին անցկացրած 13-ամյա արցախցի Գոռը Երևանում վարսավիրի մասնագիտություն է սովորում

Sputnik Արմենիան գրում է․ Գոռը մեկն է այն երեխաներից, որ Արցախից մեքենայով դուրս է բերել իր ընտանիքի անդամներին ու ապահով հասցրել Հայաստան։

Արցախի Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի բնակիչ 13-ամյա Գոռը, որը 55 ժամ ղեկին է եղել և իր 8–հոգանոց ընտանիքին Ստեփանակերտից բերել է Հայաստան, հիմա Երևանում փորձում է յուրացնել վարսավիրի մասնագիտությունը։ Սա նրա երկրորդ հետաքրքրությունն է մեքենա վարելուց հետո, որը հայրն է սովորեցրել։

«10 տարեկանից որոշել էի, որ պետք է վարսավիր դառնամ, բայց Արցախում չեմ սովորել, միայն պապիկիս էի թրաշում։ Այստեղ արդեն նպատակս իրականություն է դառնում։ Հիմա 9-րդ դասարան եմ, հենց ավարտեմ, դուրս եմ գալու, որ սկսեմ այս մասնագիտությամբ աշխատել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գոռը։

Նրա վարպետ Կարո Աբաչյանը վստահ է` Գոռի մոտ ամեն ինչ կստացվի, քանի որ նպատակասլաց է ու ձեռքի շնորհքն էլ ունի։

«Գոռն ապագայում լավ մասնագետ կդառնա ու նրա մասին դեռ կլսենք»,– նշեց վարպետը։

Գոռը դեռ Արցախում անցկացրած վերջին օրերին է որոշել՝ պետք է անպայման աշխատի ու ընտանիքին օգնի։ Ասում է` իր սիրելի Ղարաբաղում թողել է տունը, ընտանիքի ողջ պատմությունն ու մանկությունը։

Մայրը` Նուրվարդ Խաչատրյանը, պատմում է, որ իր կամքից անկախ է որդին այդքան երկար ժամանակ ղեկին անցկացրել, բայց ընդհանրապես չի նեղվել, չի ընկրկել` շատ վստահ վարել է մեքենան (ավտոմեքենայում եղել են մայրը, մեծ քույրն իր 2 անչափահաս երեխայի հետ, տատիկները, պապիկն ու բարեկամներից մեկը)։ Անգամ բարեկամին չի վստահել, որ գոնե մի քանի ժամով փոխարինի իրեն, մտածել է` իրենց մեքենայի յուրահատկություններին չի տիրապետի։

«Քանի որ ամուսինս` Անատոլի Խաչատրյանը, դիրքերում էր, մեզ պետք է գյուղից հանեին, ռուսներն ասացին՝ եկեք մեզ մոտ, մնացեք բազայում (Ստեփանակերտի օդանավակայանում. խմբ.)։ Տղաս մեզ հանեց գյուղից, ոչ միայն մեր ընտանիքին, բարեկամների էլ։

Սեպտեմբերի 19-ից օդանավակայանում ենք եղել ու 5 օրից դուրս ենք եկել։ Արդեն Հայաստան գալու օրը` սեպտեմբերի 25-ին, Գոռս ինձ ասաց, թե վախենում է, քանի որ երկար ժամանակ ղեկին չի եղել, բայց ես ասացի` կարող ես, վստահ եմ։

Ու ճանապարհ ընկանք։ Ամբողջ ճանապարհին մտքումս աղոթում էի, որ ողջ–առողջ տեղ հասնենք։ Հիմա արդեն հետ եմ նայում ու զարմանում` ոնց այդքան ժամ քշեց, բերեց ու հասցրեց Հայաստան»,- պատմում է մայրը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով