54 երթուղու ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

54 երթուղու ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում Higer մակնիշի թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսը Շիրակի և Արարատյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հեթապահ խմբին՝ վիրավորին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վար են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Գևորգ Սարգսյանը և Նարեկ Հարությունյանը:

Դեպքի մասին պարեկային ծառայության գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Շիրակ Խաչատրյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Շ. Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոբուսը պատկանում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությանը և սպասարկում է Ավան Առինջ-Արարատի մարզի Նորաբաց գյուղ երթուղին: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: