Մամուլ

5-րդ ալիքը, Արմնյուզը և Հ2-ը չստացան հանրապետական սփռում. հայտնի են լիցենզիա ստացած Հ/Ը-երի անունները

5-րդ ալիքը, Արմնյուզը և Հ2-ը չստացան հանրապետական սփռում. հայտնի են լիցենզիա ստացած Հ/Ը-երի անունները

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներն այսօր՝ հունվարի 15-ին, փակ եւ գաղտնի ռեժիմով բաշխեցին հանրապետական եւ մայրաքաղաքային սփռման սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորները:

Հանրապետական սփռման հինգ սլոթի համար հայտարարված մրցույթին դիմել էր 12 հեռուստաընկերություն՝ «Արմնյուզ» («Արմնյուզ ՓԲԸ»), «Հ2» («Հայկական երկրորդ հեռուստաալիք», «5-րդ ալիք» («Շարկ» ՍՊԸ), «Կենտրոն TV» («Մուլտի Մեդիա-Կենտրոն թիվի» ՓԲԸ), «Արմենիա» («Արմենիա թիվի» ՓԲԸ), «A TV» («Ա ԹՎ» ՍՊԸ), «1in.am» («Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ), «Freenews» («Ֆրի Նյուզ» ՍՊԸ), «Ա1+» («Մելտեքս» ՍՊԸ), Հայաստանի Հանրային հեռուստատեսություն, «Երկիր Մեդիա» («Հուսաբեր» ՓԲԸ) եւ «Շանթ» («Շանթ» ՍՊԸ)։ Մրցույթը հաղթել և ամենաբարձր բալերը հավաքել են հետևյալ հեռուստաընկերությունները՝ 
 «Արմենիա» հեռուստաընկերությունը՝ 723 բալ, « Երկիր Մեդիան»՝ 688, «Շանթը»՝ 680, «Atv»-ն՝ 670, «Կենտրոնը»՝ 663 բալ։ Հայկական երկրորդ հեռուստաալիքը, որն ուներ հանրապետական սփռում, չի անցել ընդհանրապես, քանր որ դիմել էր միայն հանրապետական սփռման համար, և չի հավաքել բավարար բալեր։ 

Մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցները նույնպես 12-ն են։ Այդ ցանկում կան ընկերություններ, որոնք միաժամանակ մասնակցել են և՛ հանրապետական, և՛ մայրաքաղաքային սփռման սլոթերի մրցույթին։ Դրանք են՝ «Շանթ»-ը «Արմնյուզ»-ը, «Մուլտի մեդիա-կենտրոն թիվի մեդիա հոլդինգ» ՓԲԸ-ն, «5-րդ ալիքը»,«Ա-ԹիՎին», «Երկիր մեդիան», «Ֆրի նյուզը», «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն»-ը:

Միայն մայրաքաղաքային սփռման մրցույթին մասնակցել են «Դար-21» հեռուստաընկերություն ՓԲԸ-ն, «Մո ԹիՎԻ մեդիա հոլդինգ» ՓԲԸ-ն («Նոր Հայաստան» ՀԸ), «Առփի մեդիա» ՍՊԸ (կաբելային ՀԸ), «Շանթ» ՍՊԸ-ն («Շանթ սպորտ» ծրագիր):

herustaynkerutyunner

Մայրաքաղաքային սփռման մրցույթում ամենաշատ միավորները հավաքել են հետևյալ հեռուստաընկերությունները՝ 

«5-րդ ալիք»՝  657 բալ, որին 6 բալ է պակասել հանրապետական սփռման մրցույթն անցնելու համար, «Արմնյուզը»՝  613, «Առփի TV»-ն՝ 545, «Ֆրի նյուզ»-ը՝ 531, «Դար 21»-ը՝ 492, «Նոր Հայաստանը»` 463 բալ։ Մայրաքաղաքային սփռման մեկ սլոթ մնացել է ազատ, որի համար հետագայում, ամենայն հավանականությամբ, մրցույթ կանցկացվի։ Բացի այդ, «Սկիզբ մեդիան» («1in.am»)  և Հանրային հեռուստաընկերությունը մինչև մրցույթն իրենց հայտերը հետ են վերցրել։ Հանրային հեռուստաընկերությունը մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 24 ժամ լրատվություն ներկայացնելու համար հաճախականություն ստանալու համար։

Մրցույթի ժամանակ, ինչպես և նախկինում, գերակշռել է սերիալային քաղաքականությունը, ամենաբարձր բալեր հավաքել են այն հեռուստաընկերությունները, որոնք ցուցադրում են սեփական արտադրության և հնդկական սերիալներ։

Հանրապետական սփռման մրցույթից դուրս մնացած Հայկական երկրորդ հեռուստաալիքի լրատվական թողարկումների ղեկավար Շավարշ Գևորգյանին հարցրինք, թե ինչպես է ստացվել, որ Հ2-ը դուրս է մնացել մրցույթից:

«Քանի դեռ մենք որոշումը՝ օրինական ուժի մեջ մտնելու մասին, դեռևս չենք ստացել, եկեք ձեռնպահ մնանք առաջիկա 3 օրերին հարցերին պատասխանելուց, քանի դեռ որոշումը չկա, ես չեմ կարող համարել՝ մենք ունե՞նք լիցենզիա, թե՞ չունենք, կամ ո՞վ է ստացել լիցենզիա, ով՝ չէ, անկախ նրանից, որ մենք այդ թվային տվյալներից կարող ենք եզրակացություններ կամ ենթադրություններ անել, հետագայում բոլոր հարցերին հանգամանալից կանդրադառնանք»,- պատասխանեց Գևորգյանը։

Հարցրինք նաև, թե ինչով է պայմանավորված, որ միայն հանրապետական սփռման մրցույթին են հայտ ներկայացրել:

«Մենք մշտապես հեռարձակվել ենք հանրապետական սփռմամբ և նորմալ ու նաև բարոյական ենք համարել չփոքրացնել երևանյան սփռման մրցույթին մասնակցող մեր գործընկերների շանսերը՝ դիմելով երևանյան սփռման մրցույթին»։

Կիսվել