Մամուլ

437 վաճառված նորածին. ապօրինի որդեգրումների գործով մեղադրյալը մեղադրանքը չի ընդունում

437 վաճառված նորածին. ապօրինի որդեգրումների գործով մեղադրյալը մեղադրանքը չի ընդունում

437 նորածնի վաճառք, 25 հազար և ավելի դոլարի դիմաց: Ապօրինի որդեգրումների աղմկոտ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Այս մասին Լուրեր-ի հետ զրույցում ասած Սամվել Հակոբյանը։

Սամվել Հակոբյան (ՀՀ ԳԴ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ) – 437 երեխաները որդեգրվել են ինչպես օտարերկրացիների, այնպես էլ՝ օտար երկրներում բնակվող ազգությամբ հայերի կողմից:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ, բացի Իտալիայից, երեխաների վաճառք է իրականացվել նաև Ամերիկայի միացյալ նահանգներ, Ֆրանսիա, Ռուսաստանի Դաշնություն, Շվեյցարիա:

Սամվել Հակոբյան – Շարունակվող քրեական վարույթի շրջանակներում արդեն իսկ առկա են 2 մեղադրյալներ, որոնցից մեկը հանդիսանում է դեպի Ֆրանսիա և Ամերիկայի միացյալ նահանգներ երեխաների վաճառքն իրականացրած անձը, մյուսը` ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության նախկին պետը:

Երեխաների որդեգրման համար Հայաստանում օրենքով սահմանված ծախսերը չեն գերազանցում 100 հազար դրամը: 10 տարի գործակալությունը ղեկավարած Արգամ Ստեփանյանը, դատախազի խոսքով, տեղյակ լինելով այդ մասին և գիտակցելով, որ յուրաքանչյուր երեխայի որդեգրման համար փոխանցվում է միջինը 20 հազար եվրո` ստորագրել է օտարերկրացիների կողմից երեխաների որդեգրման հիմնավորվածության և որդեգրվող երեխայի շահերին համապատասխանելու մասին եզրակացություններ:

Տիգրան Կիրակոսյան (ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ) – Մենք ունենք տվյալներ քրեական վարույթով, որ նշված անձի կողմից իր պաշտոնավարման ընթացքում առանձնապես խոշոր չափերի գումարներ են փոխանցվել տարբեր արտասահմանյան բանկերի հաշիվներին, հիմա միջոցներ են նաև ձեռնարկվում պարզելու այդ գումարների հնարավոր ոչ օրինական ծագումը:

Արգամ Ստեփանյանի պաշտպան Կարեն Սարդարյանը «Լուրեր»-ի հետ զրույցում ասաց՝ այս պահին զերծ են մնում մեղադրանքի վերաբերյալ մեկնաբանություն տալուց: Գործով 2-րդ մեղադրյալը, դատախազի խոսքով, որպես կանոն` զբաղվել է դեպի Ֆրանսիա և Ամերիկա որդեգրման գործընթացներով:

Դիանա Գրիգորյանը մեղադրվում է երեխայի վաճառքի նախապատրաստության համար: Նա, սակայն, առաջադրված մեղադրանքը չի ընդունում, պաշտպանը նշում է՝ այն անհիմն է:

Կարեն Ղազարյան (մեղադրյալ Դիանա Գրիգորյանի պաշտպան) – Ինչ է կատարել իմ պաշտպանյալը, ընդամենը որոշակի ծառայություն է մատուցել նախ` թարգմանչական, միգուցե նաև ծնողներին օգնել է, ովքեր դրսից են եկել, էստեղ բնակարան վարձել, նախարարության տեղն է ցույց տվել, ուղեկցել նրանց և այլ: Իր ծառայություններից բացի, որևէ այլ` օրենքով չթույլատրված արարք չի կատարել:

Սամվել Հակոբյան – ՀՀ երկու քաղաքացիների կողմից խնամքը ստանձնելու նպատակով 2 երեխաների որդեգրման գործընթացի ձևով վաճառքը կազմակերպելու համար դիտավորությամբ ստեղծել է համապատասխան պայմաններ` կատարելով դրան ուղղված նախապատրաստական գործողություններ, սակայն նշված հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել իր կամքից անկախ հանգամանքներով:

2 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ համապատասխանաբար 5 միլիոն և 2 միլիոն դրամի չափով: Գործի նախաքննությունը շարունակվում է:

Տիգրան Կիրակոսյան – Միջոցներ են ձեռնարկվում մյուս երկրներ որդեգրված երեխաների որդեգրման գործընթացում թույլ տված հնարավոր ինչպես ապօրինի գործողությունները բացահայտելու, այնպես էլ նշածս երկու անձի հնարավոր ենթադրյալ մյուս հանցակիցներին պարզելու և գործով համապատասխան դատավարական կարգավիճակ տալու ուղղությամբ:

Դատախազ Սամվել Հակոբյանն էլ չի բացառում, որ քննությանը հայտնի 437 հոգուց բացի` բացահայտվեն նաև երեխաների վաճառքի նոր դրվագներ:

Նորածինների վաճառքի ու ապօրինի որդեգրումների մասին առաջին անգամ բարձրաձայնվեց 2019 թվականին, երբ իրավապահները հայտնեցին՝ գործել է մի ամբողջ հանցավոր խումբ: Նորածինների մի մասի ծնողներին խաբել են, երեխաներին հիվանդ ներկայացրել ու համոզել հրաժարվել ծնողական իրավունքից: Հանցախմբի ղեկավարի, Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի, նրա տեղակալի և եւս 8 անձի վերաբերյալ գործն դատարանում է, բայց քննվում է դռնփակ: Նրանք մեղադրվում են Իտալիայի քաղաքացի հանդիսացող անձանց խնամքին հանձնելու նպատակով 20 երեխայի վաճառք իրականացնելու համար: Եւս 41 երեխայի վաճառք մեղսագրվում է ըստ գործի՝ հանցախմբի ղեկավարին՝ իտալական 3 ընկերությունների հայաստանյան ներկայացուցչին:

Սամվել Հակոբյան – Նույն քրեական վարույթի շրջանակներում հիմնավորվել է, որ երեխաների վաճառք իրականացնելու արդյունքում կազմակերպված խմբի հաշվեհամարներին մուտք են եղել ընդհանուր շուրջ 1 միլիոն 200 հազար եվրո գումարներ:

Ընդհանուր առմամբ՝ 2007-ից մինչև 2020 թվականը օտարերկրյա տարբեր պետություններ են որդեգրվել ավելի քան 500 երեխա:

Կիսվել