400 բեռնատարներ բքի պատճառով խցանման մեջ են հայտնվել
400 բեռնատարներ բքի պատճառով խցանման մեջ են հայտնվել
Մարտի18-ին և լույս 19-ի գիշերը տեղացած առատ ձյունը վտանգավոր վթարային իրավիճակ է ստեղծել Մ6 միջպետական ճանապարհի՝ Վահագնիից մինչև «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում: Ծանր բեռնատարների շարասյունը մնացել է ճանապարհին։
Ժամը 12։00-ի դրությամբ չէին կարողանում երթևեկել նաև մարդատար ավտոմեքնաները։ Ճանապարհը խցանված է, իսկ ճանապարհի ձմեռային սպասրակումն իրականացվող կազմակերպության տեխնիկական որևէ միավոր և որևէ աշխատակից չկա:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ, Վարդենյաց լեռնանցքը, Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհները:
Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր», Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններից դեպի Բագրատաշեն ավտոճանապարհները փակ են միայն կցորդիչով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Դժվարանցանելի են Սյունիքի մարզի բոլոր, Վանաձոր-Դիլիջան, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանների, Ալագյազ-Արթիկ, Ջաջուռ-Քեթի, Արարատի մարզի Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհները:
Սյունիքի մարզի Գորիս-Տաթև և Կապան-Տաթև ավտոճանապարհները կցորդիչով բեռնատարների համար անցանելի են միայն անվաշղթաների կիրառման դեպքում։
Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Գեղարքունիքի մարզում, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի, Շիրակի մարզի Աշոցքի, Արթիկի և Ամասիայի տարածաշրջաններում, Ջաջուռ-Քեթի ավտոճանապարհին բուք է, իսկ Վայոց ձոր մարզի լեռնային գոտիներում՝ ձնաբուք:
Սյունիքի, Լոռու, Արագածոտնի և Կոտայքի մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքներում տեղում է ձյուն։