Շոու-բիզնես

33-ամյա Թամարա Պետրոսյանը՝ «տանը մնալու» թեմային հումորով նայելու և իր նոր մոնոներկայացման մասին

33-ամյա Թամարա Պետրոսյանը՝ «տանը մնալու» թեմային հումորով նայելու և իր նոր մոնոներկայացման մասին:

«Տանը մնացի՞»՝ նոր մոնոներկայացում դերասանուհի Թամարա Պետրոսյանի մասնակցությամբ։ Դերասանուհին իրեն հատուկ հումորային պրիզմայով կանցկացնի հետաքրքիր, երբեմն նյարդայինացնող, բայց միշտ արդի՝ տանը մնալու թեման իր բոլոր նրբերանգներով։

Թամարան պատրաստվող ներկայացման առաջին մանրամասները վստահել է Tert.am Life-ին։ Դերասանուհու և ներկայացման ռեժիսորի՝ Սեդրակ Գոջամանյանի հետ զրուցել ենք «Տանը մնացի՞» ներկայացման բովանդակության, թեմաների ընտրության մասին, իսկ Տոմայից հետաքրքրվել ենք, թե իրեն որքանո՞վ է նյարդայինացնում այն թեման, որի մասին պատրաստվում է բեմից խոսել։  

33-ամյա դերասանուհին ծիծաղելով արձագանքեց մեր հարցին՝ իրականում էլ է՞ ինքն այդ թեմային նայում հումորի տեսանկյունից․ «Ուրիշ ճար չունեմ՝ ո՞նց նայեմ։ Հումորով չնայես՝ կարող է գժվես։ Ավելի մեծ սերնդի մարդիկ սկսում են քեզ խղճահարությամբ նայել, որովհետև  իրենց համար դու պետք է արդեն դպրոցական տարիքի երեխաներ ունենայիր․ իմ բոլոր  դասարանցիները, կուրսեցիները արդեն ընտանիքներով մարդիկ են։

Եթե այդ դիտակետից ես նայում՝ այո՛,  մտավախություն ունենում ես, բայց մյուս կողմից, որ դիտակետից ինքս եմ նայում, նոր սերնդի ներկայցուցիչներն են նայում՝ ամբողջությամբ հանգիստ վիճակ է լինում։ Իրականում ինձ մոտ շատ հանգիստ  վիճակ է, չնայած երբեմն, ինչ խոսք, անհանգստություններ  ունենում եմ։ Բայց այդ անհանգստությունն էլ այնքան շատ չէ, որ ես դրանից ընկճախտի մեջ ընկնեմ»։

Թամարայի խոսքով, դա բավականին ակտուալ խնդիր է՝ տանն ես մնացել, թե՞ ոչ։ Ըստ դերասանուհու այդ հարցն ուղղակիորեն առնչվում է նաև իր հետ․ «Տատիկները, մամաներն ու պապաները  կարող են ինձ դասել տանը մնացածների շարքին, բայց մյուս կողմից էլ, հաշվի առնելով աշխարհում ներկայիս միտումները, այն թե ինչպիսի կարգ ու կանոն է տիրում, դեռ ամուսնանալու ժամանակ ունեմ։  Սա բավականին տարածված հարց է մեր օրերում, որը  ցանկացանք բարձրացնել։ Ինչ հարց տալիս է վերնագիրը՝ «Տանը մնացի՞», այդ ուղղությամբ էլ գնալու է ներկայացման բովանդակությունը, որը բաղկացած է տարբեր պատմություններից»։

Դերասանուհին ասաց՝ ի սկզբանե գաղափարը եղել է նման ձևաչափով ներկայացում անելը, ապա նոր որոշել են թեման։

«Իմ լավ ընկերը՝ ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանը, մի քանի ամիս  պարբերաբար ասում էր, որ  այս ձևաչափով ներկայացում անենք։  Իհարկե ես ցանկություն ունեի, սակայն ռիսկս չէր հերիքում, մտածում էի, որ պատրաստ չեմ, բայց համոզեցին և որոշեցինք, որ, ամեն դեպքում, անելու ենք։ «Բոհեմ» թատրոնի դերասան, սցենարիստ, իմ լավ ընկեր Թելման  Առաքելյանին դիմեցինք և երբ քննարկում էինք թեմաները, որոշվեց, որ այս ուղղությամբ ենք գնալու։ Տղաները որոշեցին, որ թեման պետք է լինի տանը մնալը ու  երևի իրենց համար սա իսկապես հետաքրքիր  թեմա է և գուցե իրենք ավելի լավ են տեսնում՝ քան ես»,- ասաց դերասանուհին։  

Հայակական իրականության մեջ մոնոներկայացումներն այնքան էլ շատ չեն, հատկապես դերասանուհիների մասնակցությամբ։

«Այստեղ կան «սթենդ ափ» հիշեցնող որոշ դրվագներ, բայց այն մոնոներկայացում է։ Կան «սթենդ ափ»-ային թեթև երանգներ,- ասաց դերասանուհին ու շարունակեց,- այն պատմությունները, որոնք հանդիսատեսը կլսի՝ իրական են, որոնք ուղղակի ունեն գեղարվեստական երանգավորում։ Կենսագրական նոտաներ կան, որովհետև պատմությունները, որոնք պատմում եմ՝ ինձ հետ են կատարվել։ Բայց, որ ասեմ ամբողջությամբ իմ կյանքն է կամ կենսագրական է՝ ոչ»։

Կիսվել