3 անչափահաս երեխաների 34-ամյա հայրը էլեկտրակայանում աշխատանքներ կատարելիս էլեկտրահարվել և տեղում մահացել է
3 անչափահաս երեխաների 34-ամյա հայրը էլեկտրակայանում աշխատանքներ կատարելիս էլեկտրահարվել և տեղում մահացել է
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մարտի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց 39/9 շենքի 2-րդ մուտքի հարևանությամբ գործող էլեկտրաենթակայանում տղամարդու դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Ալեքյանի գլխավորությամբ:
Մինչ դատաբժիշկը զննում էր դին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետի տեղակալ Արսեն Ապերյանի գլխավորությամբ, պարզել են մահացածի ինքնությունը:
Վերջինս Այնթապ գյուղի բնակիչ, 34-ամյա Ռադիկ Գ.-ն էր, ով էլեկտրաենթակայանում աշխատանքներ կատարելու ժամանակ էլեկտրահարվել և տեղում մահացել է: Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Ալեքյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ ժամը 13:00-ից բազմաբնակարանային այս շենքում էլեկտրամատակարարումը խափանվել է և մահացածն իր գործընկերների հետ խոտանն էին վերացնում, որպեսզի բնակչությանը կարճ ժամանակում էլեկտրաէներգիա մատակարարվի և այդ ժամանակ ներսում տեղի է ունեցել ողբերգական դեպքը:
Մահացածը ամուսնացած էր, խնամքին ուներ 3 անչափահաս երեխա: