2,8 միլիոն դոլար՝ Կապանում նավթ ու գազ որոնելու համար
Hetq.am-գրում է․ Կապանում նավթ ու գազ որոնող «ԱԳԱՊԵ» ընկերության գործունեության վերաբերյալ հանրային քննարկումը հերթական անգամ տեղի չունեցավ:
Սեպտեմբերի 14-ին Կապանի համայնքապետարանում պիտի կայանար հանրային լսում, որտեղ քննարկվելու էր «ԱԳԱՊԵ» ՍՊԸ-ի կողմից նավթի ու գազի հետախուզական աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը, սակայն ընկերությունը համայնքապետարանին նախապես հայտնել է, որ չի կարող ապահովել իր ներկայացուցչի մասնակցությունը:
Հայտի առաջին հանրային լսումը տեղի էր ունեցել այս տարվա հունվարի 11-ին: Սա պիտի լիներ երկրորդը, սակայն այն արդեն երկրորդ անգամ չի կայանում: Մայիսի 22-ին երկրորդ լսումը ձախողել էին Կապանի եւ հարակից բնակավայրերի բնակիչները, որոնք համայնքապետարանում բողոքի ակցիա էին կազմակերպել՝ «ԱԳԱՊԵ»-ի ներկայացուցիչներից պահանջելով հեռանալ: Ակցիայի մասնակիցները «Ես Ծավն եմ», «Ես Շիշկերտն եմ», «Ես Շիկահողն եմ» եւ այլ գրություններով պաստառներ էին պարզել:
«ԱԳԱՊԵ»-ի թիրախում Կապան խոշորացված համայնքն է.
Հայաստանի տարածքը գազի եւ նավթի ուսումնասիրությունների համար ՀՀ կառավարության կողմից բաժանվել է 6 պայմանական տարածքների՝ բլոկների: Դրանցից յուրաքանչյուրը որոշակի աշխարհագրական սահմանանշում ունեցող տարածք է, որտեղ պետք է իրականացվեն նավթի եւ բնական գազի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ:
6-րդ պայմանական տարածքն ընդգրկում է Սյունիքի մարզը, բայց ոչ ամբողջությամբ: Մարզի տարածքը 4506 քկմ է, իսկ նշված բլոկինը՝ 3527 քկմ: «ԱԳԱՊԵ»-ն նախատեսում է որոնողական աշխատանքներ կատարել Կապան համայնքի վարչական տարածքում: 2017-ին Կապանը խոշորացվել է՝ ընդգրկելով տարածաշրջանի 31 գյուղական համայնք:
Այժմ խոշորացված Կապանը ներառում է ընդհանուր 38 բնակավայր՝ 1 քաղաք, 37 գյուղ: Ըստ ընկերության հայտի՝ Կապան համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ հեռանկարային ստրուկտուրաներ կամ «հեղանկարային տեղամասեր»: «ԱԳԱՊԵ»-ն սա նշում է՝ հիմնվելով 2007-ին սկսված երկրաբանահետախուզական լայնամասշտաբ աշխատանքների հիման վրա: Այն ժամանակ 6-րդ բլոկն ուսումնասիրել է «Բլեքսթերզ Էներջի Արմենիա» ՍՊԸ-ն:
«ԱԳԱՊԵ»-ն հավելում է, որ հետախուզման ծրագրի նպատակն է իրականացնել տարածքի նավթագազաբերության հիմնական բաղադրիչների գնահատումը՝ շերտերի տեղաբաշխումը եւ որակը, ածխաջրածին առաջացնող հնարավորությունները եւ պոտենցիալը՝ համակցված երկրաբանական կառուցվածքի եւ ձեւավորված ավազանների մոդելով: