2018 թվականը քաղաքական առումով աննախադեպ տարի էր. Փաշինյանի ելույթը
Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահներ,
հարգելի տիկին Թանդիլյան,
Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների նախագահներ,
հարգելի պատգամավորներ,
կառավարության անդամներ, լրագրողներ ողջունում եմ բոլորիդ:
Նախորդ տարվա առանձնահատկությունն այն էր, որ ներկայացվող հաշվետվության հետ մեր կառավարությունն ընդհանրապես առնչություն չուներ, որովհետև խոսքը 2017թվականի բյուջեի կատարման մասին էր: Այս տարվա առանձնահատկությունն այն է, որ մեր կառավարությունն ունի ոչ ամբողջական մասնակցություն, որովհետև մենք կառավարության դերը ստանձնել ենք մայիսին:
Ըստ էության, բյուջեի կատարման ցուցանիշներին Ազգային ժողովում բազմիցս անդրադառնալու առիթ ունեցել եմ և այսօր, ըստ էության, դրամատիկ նորություններ ասել այդ կապակցությամբ չեմ պատրաստվում, բայց կարծում եմ շատ լավ առիթ է, որպեսզի ամփոփենք այն, ինչի մասին այս ընթացքում խոսվել է: Ուզում եմ ընդգծել հետևյալը. 2018 թվականը քաղաքական առումով աննախադեպ տարի էր և դրա մասին վկայում են ցուցանիշները:
2018թ. ընթացքում տեղի են ունեցել նախագահական մեկ ընտրություններ, Հայաստանի Հանրապետության վարչապետի 5 ընտրություններ, ԱԺ արտահերթ ընտրություններ, Երևանի քաղաքապետի 1 արտահերթ ընտրություն և մեծ հաշվով երկրում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն: Սա կարևոր է նկարագրելու համար այն ֆոնը, որի պայմաններում տեղի է ունեցել բյուջեի կատարման ընթացքը:
Այս պայմաններում մեր կառավարությունը, որ ձևավորվել է 2018թ. մայիսին, ըստ էության, կարողացավ լուծել ամենակարևոր խնդիրը: Խոսքը մակրոտնտեսական կայունության պահպանման մասին է: Ես ԱԺ մեծ դահլիճում ասել եմ, բայց ուզում եմ այստեղ էլ ընդգծել, որ երևի հնարավոր չէ համաշխարհային պատմության մեջ գտնել շատ դեպքեր, երբ երկրում տեղի են ունենում այսպիսի մասշտաբային քաղաքական փոփոխություններ և այս մասշտաբային քաղաքական փոփոխությունները չեն ուղեկցվում տնտեսական ցնցումներով, ֆինանսական համակարգի փլուզումներով կամ կիսափլուզումներով և ամեն ինչ տեղի է ունենում տնտեսական, մակրոտնտեսական կայունության պայմաններում:
2018թ. արձանագրվել է 5.2 տոկոս տնտեսական աճ, բայց ես ուզում եմ ընդգծել, որ 2018թ. բյուջեի նախագծում, որն ընդունվել էր դեռ նախորդ կառավարության և նախորդ ԱԺ կողմից, որպես տնտեսական աճի կանխատեսվող ցուցանիշ, նշվել է 4.5 տոկոսը: Այսինքն, ըստ էության, 2018թ. ահա այսպիսի գլոբալ քաղաքական վայրիվերումների պայմաններում կառավարությանը հաջողվել է գերակատարել այն պլանը, որը 2018թ. բյուջեի հիմքում դրել էր նախորդ կառավարությունը՝ ելնելով բոլորովին այլ կանխատեսումներից:
Մանրամասները տեսանյութում՝