2018թ․-ի դեպքերից առաջ Նիկոլից ստացել եմ առաջարկներ, որը մերժվել է․ «Հրապարակ»

2018թ․-ի դեպքերից առաջ Նիկոլից ստացել եմ առաջարկներ, որը մերժվել է

Hraparak.am-ը զրուցել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հետ:

— Տիկին Փոստանջյան, ինչպես կմեկնաբանեք հայաստանյան վերջին իրադարձությունները, ինչպես նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ազգային Ժողովի ամբիոնից հնչող ելույթները։

Փաշինյանի ելույթը, որում ասվում էր, որ միևնույն է արցախապատկան տարածքները պետք է հանձնվեին, բայց պատերազմը կարող էր կանխվել և զոհեր չլինեին, սրանով նա խոստովանում է, որ մասնակից է եղել երիտասարդ սերնդի կոտորածի։

Սա ուղղակի զարհուրելի հանցագործության մեջ մեղքի բաժին ընդունել է։ Եվ դրանից հետո շարունակել մնալ իշխանության ղեկին և շարունակել դեռ մեր անունից հանդես գալ, նման իրավասություն չունի։ Ոչ 2018 թվականի է նա հայտարարել, որ եկել է Արցախը հանձնելու, ոչ էլ՝ 2021 թվականին։

Երկու անգամներն էլ ինքը եկել էր՝ անձերին մերժելու։ Առաջին դեպքում՝ Սերժ Սարգսյանին, երկրորդում ՝ Ռոբերտ Քոչարյանին։ Ինքը հայտարարություններով հանդես չի եկել, թե ինչու է գալիս, ինչու է ցանկանում դառնալ վարչապետ։

Նա եկել էր այդ հայտարարություններով, այդ պարտավորվածությամբ։ Արցախի մասով ինքը ոչ մի պարտավորվածությամբ հանդես չի եկել։ Միայն ասել է, որ եթե կլինեն ինչ-որ բանակցային փաստաթղթեր, պատրաստ է հրապարակավ դնել քննարկման՝ ընդհուպ մինչև Հանրապետության Հրապարակում քվեարկության միջոցով։ Բայց ինքը՝ փաստացի իմացել է, որ պետք է հողեր հանձնվեն, իմացել է, որ ինքը դրա համար է գալիս և ստելով հանրությանը՝ ոչինչ չի ասել դրա մասին։

Եվ այսքանից հետո շարունակել լռել, հանդուրժել, կամ թույլ տալ, որ գտնվի Հայաստանի Հանրապետության վարչական շենքերում և այնտեղից հրամաններ արձակի, որոշումներ կայացնի, արդեն մենք էլ ենք իր հետ մեղսակից դառնում, եթե մի քանի օրվա ընթացքում իր հարցերը չլուծենք։ Իսկ հարցերի լուծումը՝ ամեն ինչ անել, որպեսզի նրան տեղավորեն համապատասխան Քրեակատարողական հիմնարկում, մեկուսարանում։

— Դուք միանալո՞ւ եք Ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող քաղաքական և ոչ քաղաքական ուժերին։

Ես արդեն իմ կողմից հայտարարել եմ, որ պետք է բոլոր հրապարակները սկսեն միաժամանակ գործել։ Եվ եթե մարդիկ ունեն նախաձեռնություններ՝ Նիկոլին հեռացնելու, պետք է դրանք կյանքի կոչել։

Ովքեր որ Երևանում են հատկապես բնակվում, նրանք պետք է գնան Ազատության հրապարակ։ Եվ կարելի է հենց նույն միջոցը օգտագործել, ինչ-որ օգտագործվել է 2018թ․-ին։ Պետք է այդ նույն Ազատության հրապարակից սկսել, հետո՝ Ֆրանսիայի հրապարակ, ինչպես Նիկոլը սկսեց, Մաշտոցի պողոտան փակվեց, հետագայում այդ ամենը տեղափոխվեց Հանրապետության հրապարակ։

Այնուհետև մի քանի անգամ փակվեցին ամբողջ հանրապետության ճանապարհները։ Եվ Հանրապետական կուսակցությունն ընտրեց Նիկոլին որպես վարչապետ։ Նույն մեխանիզմը պետք է այսօր օգտագործել։ Պետք է ընտրել ժամանակավոր կառավարություն, և այդ կառավարության ծրագիրը հաստատել, որպեսզի այս վիճակից կարողանանք դուրս գալ։ Հենց նույն այս խորհրդարանով կարելի է դա իրականացնել։

— Հիշեցիք 2018 թվականը։ 2018-ին Նիկոլ Փաշինյանը ընդամեն 10-20 հոգով քայլելով Գյումրիից դեպի Երևան, կարողացավ իր շուրջը համախմբել մարդկանց և հեղափոխություն տեղի ունեցավ։ Ձեզ Նիկոլ Փաշինյանի կողմից եղե՞լ է առաջարկ միանալ իրեն։

Գիտեք, մինչև 2018 թվականը եղել է 2017-ը, երբ Նիկոլը պատրաստվում էր 2018թ․-ին այդ իշխանության ղեկը ստանձնելը, այո եղել են առաջարկներ, որը մերժվել է, որովհետև այդ խմբի հետ չէիր կարող մի տեղ գնալ, այդ տեղը տանելու էր ցեղասպանության և հայրենազրկման, դա ակնհայտ էր։ Ով որ ճանաչում էր Նիկոլին, նրա թեզերը, ցանկությունները, ապա այդ ամենը պետք է հասկանար։

Եվ բացի այդ նաև իր անձը պետք է հաշվի առնվեր։ Այս ամենը քաղաքական դաշտում ակնառու էր, այնպես չէր, որ դա տեսանելի չէր և այդ մասին պետք է բարձրաձայնեին, բայց ցավոք շատերը աջակցեցին, ընդհուպ մինչև Հանրապետականը, Սերժ Սարգսյանն էլ ասաց՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»։ Առնվազն, գոնե այդ բառերը չպիտի ասվեին։

— Ուզում եք ասել, որ Նիկոլի ծրագիրը, այն է՝ Արցախը հանձնելու, գիտեին բոլոր քաղաքական ուժե՞րը։

Դե իհարկե, ոնց կարող է տեղյակ չլինեին։ Հո Նիկոլը չդարձավ վարչապետ, նոր հաստատեց։ Փաստացի այս կապերը վաղուց են գործել։ Ուղղակի պահը հիմա էր՝ այն իրականացնելու։ Ինքը չի էլ թաքցրել երբեք, թե իր համար ինչ է Արցախը։ Առաջին անգամ ինքը Արցախում եղել է, երբ դարձավ պատգամավոր։