14 զինծառայողի դիերը հայտնաբերվել են մահճակալներին անշարժացած, մեկինը՝ դռան մուտքի մոտ. փրկարար ծառայության գնդապետ

14 զինծառայողի դիերը հայտնաբերվել են մահճակալներին անշարժացած, մեկինը՝ դռան մուտքի մոտ. փրկարար ծառայության գնդապետ

Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի զոհված 14 զինծառայողի դիերը հայտնաբերվել են մահճակալներին անշարժացած, մեկինը՝ դռան մուտքի մոտ: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՆԳՆ Փրկարար ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը։

«Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են երկու տեղամասով: Մեկ տեղամասը, որը փլուզվել էր, որովհետեւ մեքենայով փորձել էին փլուզել պատը, եւ մյուս տեղամասը եղել է այն սենյակի մուտքը, որով հնարավոր է եղել անցնել:

Հիմնականում այրվել է նախասրահը, որը գնում էր դեպի քնելու վայր, դրա համար փորձել էին մյուս կողմից փլուզել պատը եւ հասնել զինվորներին:

Զոհված զինծառայողներից 14-ը հայտնաբերվել են մահճակալներին անշարժացած վիճակում, ենթադրում եմ, որ իրենք ծխահարված են եղել եւ տեղից վեր չեն կացել, իսկ մեկ հոգի էլ եղել է մուտքի մոտ, փորձել է փրկվել, բայց չի կարողացել:

Պատի քանդման հետևանքով փլուզվել էր տանիքը, և հողային շերտերը հանելու ընթացքում արդեն փրկարարները հասկացել են, որ բոլորը այրված են»,- նշեց Սարոյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ։

Տեսանյութը ստորև