Մամուլ

100-ավոր որդեկորույս ծնողների եմ հանդիպել, նրանք պատրաստ չեն իրենց մյուս որդիներին էլ ծառայության ուղարկել

100-ավոր որդեկորույս ծնողների եմ հանդիպել, նրանք պատրաստ չեն իրենց մյուս որդիներին էլ ծառայության ուղարկել

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնությամբ առաջարկվում է շրջանառության դնել նոր օրենսդրական նախագիծ, համաձայն որի՝ փոփոխություններ կկատարվեն «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

Ըստ գործող օրենքի՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, որն առողջական վիճակի պատճառով ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար, մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային ծառայություն:

Փոփոխություններով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր ունեցող անձանց, սակայն ոչ միայն այն դեպքում, երբ նրանք ընտանիքի միակ զավակն են, այլ անկախ նրանից, թե քանի՞ երեխա կա ընտանիքում:

zinvorner sahman

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Սարգսյանը, անդրադառնալով նախագծին, նշեց, որ միտքը հղացել է Ամանորին, երբ այցելել է զոհված զինվորների ընտանիքներին, որոնք իր հետ կիսվել են իրենց խնդիրներով:

«100-ից ավելի ընտանիքների եմ այցելել: Այդ ընտանիքիները գտնվում են ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում և չեն ցանկանում իրենց կրտսեր որդուն ևս ուղարկել զինվորական ծառայության: Երբ խոսում էի նրանց հետ, պատմում էին՝ կրտսեր որդին միակ սփոփանքն է տան, բացի դրանից, նշում էին, որ սոցիալական խնդիրներ էլ ունեն և չեն ցանկանում՝ միակ որդին տնից բացակայի»,- ասաց Սարգսյանը:

Պատգամավորը հայտնեց, որ ծնողների մտահոգությունները պատմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վերջինս նրան ասել է, որ խնդրի կարգավորման համար լուծումներ մտածեն:

«Այս մեկ տարվա ընթացքում դիմել ենք ՀՀ պաշտպանության նախարարություն: Նախարարը մեկ տարով տարկետում է տվել այդ ընտանիքների զավակներին: Սակայն որպեսզի նա ամեն անգամ տարկետում չսահմանի նմանատիպ դեպքերի համար, որոշեցինք ավելի կառուցողական լուծում տալ և այս նախագիծը մշակել»,- ասաց նա:

Հարցին՝ նախագիծը չի՞ ազդի ՀՀ զինված ուժերում զինվորների քանակի նվազմանը, Սարգսյանը բացասական պատասխան տվեց: Նրա պնդմամբ՝ սույն օրենքի նախագծով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվող քաղաքացիների թիվը մեծ չի լինելու:

«Այս զորակոչին նման խնդրով ընդամենը 25 քաղաքացի ենք ունեցել: Ընդհանուր այդ թիվը հնարավոր է՝ մեծ լինի, սակայն, եթե հաշվենք տարեկան կտրվածքով զորակոչերի քանակով, շատ փոքր թիվ է կազմում: Օրինակ՝ տեսողության հետ կապված խնդիրներով տարեկան ավելի շատ մարդ է ազատվում ծառայությունից:

Պարտադիր ծառայության ենթակա զորակոչիկների մոտավորապես 40 տոկոսը տարբեր առողջական խնդիրներով ազատվում է ծառայությունից, և այդ թիվը հասնում է տասնյակ հազարների, իսկ մեկ զորակոչի ընթացքում 25 հոգին շատ մեծ տարբերություն չի տա, եթե հաշվի առնենք նաև պահեստազորի թիվը»,- կարծում է պատգամավորը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել