Մամուլ

Օրենքով սահմանված մորթ չիրականացնելու և միսը վաճառելու դեպքում տույժ կկիրառվի մինչև 300 հազար դրամ

Օրենքով սահմանված մորթ չիրականացնելու և միսը վաճառելու դեպքում տույժ կկիրառվի մինչև 300 հազար դրամ

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը նշեց, որ սպանդանոցային մորթ իրականացնելու օրենքը գործում է 2017 թվականի հուլիս 1-ից:

«2017 թվականի հուլիսի 1-ից ուսումնասիրություններ են արվել կենդանիների մորթն իրականացնելու ուղղությամբ, սակայն ամբողջական վերահսկողություն չի եղել:

Այսօր արդեն ներկայացրել ենք մեզ մոտ առկա հետազոտությունները և փորձում ենք ժողովրդի համար իրազեկման լայն աշխատանքներ տանել, որպեսզի բոլորը տեղեկացված լինեն սպանդանոցային մորթի մասին:

Կառավարության դիմաց հավաքվող մարդկանցից յուրաքանչյուրի հետ մենք առանձնազրույց ենք ունեցել և բոլորին մանրամասն բացատրվել է, թե ինչ պետք է արվի, որպեսզի մորթն իրականացվի սպանդանոցում, ինչպես կառուցել սպանդանոցներ և այլն:  

Բողոքողների մեծ մասը միջնորդներ են, փողոցային մորթ իրականացնողներ, ովքեր գուցե մեծ գումարներ կորցնեն, սակայն նրանց հետ նույնպես բացատրական աշխատանքներ են տարվել, թե ինչպես կարող են շարունակել օգուտ ունենալ այս իրավիճակում և խնդիրներ չունենալ:

Մենք նրանց առաջարկել ենք աշխատել սպանդանոցների հետ և մորթը կազմակերպել հենց այնտեղ:

Երևանի ամբողջ շրջակայքում՝ 30 կմ շառավղով, կան բավականաչափ սպանդանոցներ:

Կոտայքի մարզում արդեն կառուցվել է 10 սպանդանոց, իսկ Արմավիրի մարզում՝ 3, իսկ ամբողջ հանրապետությունում ընդհանուր առմամբ կա 25 սպանդանոց, որոնք ավելի են շատանում: Արարատի մարզում նույնպես կան սպանդանոցներ:

Երևանի պահանջարկն ամբողջությամբ լրացվում է արդեն իսկ առկա սպանդանոցների միջոցով:

Ավելի հեռու մարզերում որոշակի խնդիրներ ունենք, առաջիկա շաբաթների ընթացքում, մինչև փետրվարի վերջ սպանդանոցների թիվը կավելանա: Հունվարի 15-ի դրությամբ՝ կար 22 սպանդանոց, իսկ այդ օրվանից մինչև այսօր բացվել է ևս 3-ը:  

Այն անձինք, ովքեր ցանկանում են սպանդանոց կառուցել, գրանցվում են մեզ մոտ, նրանց պարտադիր կերպով տրամադրվում է «5-րդ ձևի փաստաթուղթ» և կոդ:

Հետագայում, եթե քաղաքացին ցանկանա, կարող է ինչ-որ մի հանրային սննդի կետ այցելելիս պահանջել այդ փաստաթուղթը և համոզվել՝ արդյոք այնտեղի միսը սպանդանոցից է, թե ոչ:

Հարությունյանը վստահեցրեց, որ մսի գինը չի բարձրանա, եթե արհեստականորեն մսավաճառները խնդիրներ չստեղծեն, չնայած, այդ դեպքում էլ մրցակցությունն «իր գործը կանի»:

«Սպանդանոցների սեփականատերեր կան, որոնք ասում են, որ իրենք տեղափոխման գումար ընդհանրապես չեն գանձելու, իրենք միայն կվերցնեն մորթվող անասունների գումարը:

Բոլոր սպանդանոցները հուշագրեր են ստորագրել, որ կենդանու տեղափոխումը հենց իրենք ենք իրականացնելու և 30 կմ շառավղով ու 3 և ավելի կենդանու դեպքում կլինի միանգամայն անվճար:

Խոշոր եղջերավոր անասունների մորթն իրականացվում է առավելագույնը 10 հազար դրամով, մանր եղջերավորները 3500 դրամով, իսկ խոզերը՝ 5 հազար դրամով»,- նշեց Հարությունյանը:

Վերահսկողությունն արդեն իսկ ուժեղացված իրականացնում ենք և հիմնականում բոլոր խոշոր սուպերմարկետներն ու որոշ հանրային սննդի կետերն անցել են սպանդանոցային մորթի:

Օրենքով սահմանված մորթ չիրականացնելու և այդ միսը վաճառել փորձելու  դեպքում տույժ կկիրառվի մինչև 300 հազար դրամ:

Կիսվել