Օշական գյուղի տներից մեկում հրդեհը մարելուց հետո հրշեջները հյուրասենյակում հայտնաբերել են ոստիկանության նախկին ծառայողի դին
Օշական գյուղի տներից մեկում հրդեհը մարելուց հետո հրշեջները հյուրասենյակում հայտնաբերել են ոստիկանության նախկին ծառայողի դին
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ ապրիլի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։43-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Հրշեջները, մարելով երրորդ փակուղու 1-ին տան 1-ին հարկում առաջացած կրակը, այնտեղ հայտնաբերել են տղամարդու դի։ Հրշեջ-փրկարարները դին պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։
Հրշեջների աշխատանքները տեղում ղեկավարում է մարզային փրկարարական վարչության պետ Դմիտրի Պետրոսյանը։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Վահան Աղգաշյանն ու վարչության պետի օպերգծով տեղակալ Վալերի Բաղյանը։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ստեփան Սուքիասյանի գլխավորությամբ։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Ս. Սուքիասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայր է ժամանել նաև Օշական համայնքի ղեկավար Արամ Ներսիսյանը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կիսաայրված՝ մասամբ մոխրացած քաղաքացին նույն տան բնակիչ՝ 48-ամյա Գագիկ Բ-ն էր։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Իսկ մարզային փրկարարական վարչությունում նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու համար կրակի առաջացման պատճառները։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը ոստիկանության նախկին ծառայող էր։