Քո սիրուն կնոջը մի բան արա, թող նկարահանվի, մենք էլ նայենք ու հպարտանանք․ Սիլվին պատմում է իր հնդիկ սկեսուր ու սկեսրայրի մասին (լուսանկարներ)
Դերասանուհի Սիլվի Բարկովան ճիշտ երեք ամիս է, ինչ ամուսնացած է: Դերասանուհու՝ ազգությամբ հնդիկ տղամարդու հետ ամուսնությունը մինչ այսօր Երեւանում քննարկվում է, շատերը շարունակում են զարմանալ, անգամ չհավատալ, փոխարենը Սիլվին վայելում է կյանքը սիրելիի կողքին:
Life.panorama.am-ը զրուցել է Սիլվիի հետ, որի ընթացքում դերասանուհին պատմել է ոչ միայն իր ամուսնական կյանքի, այլեւ ամուսնու հետ աշխատանքային ծրագրերի մասին:
«Արդեն երեք ամիս է, ինչ այստեղ եմ, եւ անկեղծ ասած՝ դեռեւս էյֆորիայի մեջ եմ, կարգավիճակս՝ ամուսնացած կին, դեռ չեմ ընկալում, թեեւ ամուսնացած բոլոր ընկերուհիներս ասում էին, որ առաջին մի քանի ամիսը չես զգալու, որ այլեւս առաջվա կյանքով չես կարող ապրել: Նույնիսկ ամուսինս է նկատում, որ ամուսնացած կնոջ գիտակցությունը դեռեւս ինձ մեջ չի հասունացել:
Սակայն այդ ամենն իմ դեպքում նորմալ է, քանի որ փոքրուց ինքնուրույն եմ եղել: Այդ ամենին զուգահեռ՝ ամուսինս ամեն ինչ անում է, որպեսզի օրս հագեցած ու լեցուն լինի»,- նկատեց Սիլվին:
Դերասանուհու հրապարակած լուսանկարներից կարելի է եզրակացնել, որ Սիլվիի ամուսինը նրան սիրով է պարուրել եւ իսկական թագուհու նման է պահում:
«Լուսանկարները միայն 30%-ն են փոխանցում այն ամենը, ինչ կա իրականում: Բազմաթիվ երկրպագուներիս շնորհիվ՝ հաճախ եմ լուսանկարներ հրապարակում, քանի որ շատերին է հետաքրքրում թե Հնդկաստանը, թե իմ կյանքը:
Նախկինում երբեք Instagram-ում այսքան ակտիվ չեմ եղել: Հիմա էլ, թեեւ մեր օրվա միայն 20%-ն եմ ներկայացում հետեւեորդներիս, բայց արձագանքները մեծ են: Ինչ վերաբերվում է իմ ու ամուսնուս հարաբերություններին, ես միայն կասեմ հետեւյալը՝ նա ինձ շատ-շատ է սիրում, եւ ես էլ՝ նրան. Սրանով երեւի բոլորը կպատկերացնեն, թե ինչպիսինն են մեր գեղեցիկ հարաբերությունները»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Սիլվի Բարկովայի ամուսինը պրոդյուսեր է եւ զբաղվում է Հնդկաստանում ապրող մի շարք երգիչ-երգչուհիների կարիերայով: Այս պահին Սիլվին ուղեկցում է ամուսնուն, ով շրջագայում է Հնդկաստանի տարբեր քաղաքներով. «Հիմա գործնական համերգային ծրագրով տարբեր երգիչ-երգչուհիների հետ մեկնում ենք քաղաքից քաղաք: Ասեմ, որ շուտով կսկսվեն նաեւ Հնդկաստանից դուրս համերգները»,- պատմեց դերասանուհին:
Ի դեպ՝ Սիլվին ու ամուսինը ծրագրում են, որպեսզի նա եւս սկսի երգով զբաղվել: Չի բացառվում, որ առաջիկայում հայազգի դերասանուհի Սիլվի Բարկովան հայտնի երգչուհի եւ դերասանուհի դառնա Հնդկաստանում:
«Շուտով կսկսեմ աշխատել ձայնիս վրա ու հնդկերեն սովորել: Ամուսնուս խորհրդով՝ փորձում եմ մտածել երգչուհու կարիերա սկսելու մասին, թեեւ ներքուստ զգում եմ, որ այնուամենայնիվ կզբաղվեմ դերասանությամբ: Ես ափսոսում եմ՝ որպես դերասանուհի դուրս գալ ասպաեզից: Ինձ համար կարեւոր չէ հայտնի լինելը, այլ կարեւոր է այն, որ զբաղվեմ այն ամենով, ինչում գերազանց եմ»,- նկատեց նա։
Հարցին, թե սկեսուրն ու սկեսրայրը դեմ չե՞ն, որ իրենց հարսը հայտնի դառնա, ժպիտով պատասխանեց. «Նրանք ամեն անգամ որեւէ հնդկական ֆիլմ դիտելիս միշտ ամուսնուս ասուն են՝ «էս գեշերին ենք նստած նայում, քո սիրուն ու տաղանդավոր կնոջն ինչու ես ուզում տանը պահել, ամեն հնարավորություն ունես, մի բան արա թող նկարահանվի, մենք էլ նայենք ու հպարտանանք»»:
Իսկ զրույցի վերջում հետաքրքրվելով, թե Սիլվին Հայաստանը չի՞ կարոտել, նշեց. «Սարսափելի շատ եմ կարոտել. Իսկապես կարոտում եմ մեր պարզ ու հստակ մենթալիտետը, որն այստեղ ճիշտ հակառակն է: Նաեւ շատ եմ կարոտում ընկերներիս»: