ՄամուլՔաղաքականություն

Քոչարյանն ունի երաշխավորված անձեռնմխելիություն․ շատ լուրջ հիմքեր պետք է լինեն նրան անձեռնմխելիությունից զրկելու համար

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ նա ոչ միայն Հայաստան կգա հուլիսի 26-ին Մարտի մեկին առնչվող հարցաքննությանը մասնակցելու, այլև կփորձի «մաքրվել» Մարտի 1-ի «բեռից», և դա է պատճառը, որ ցանկացել է, որ հարցաքննությունը տեսաձայնագրվի։ Ավելին, ըստ որոշ աղբյուրների, նա Հայաստան է գալիս քաղաքականության մեջ մտնելու հեռահար նպատակով, քանի որ Ռուսաստանը ժամանակին դժգոհ էր Սերժ Սարգսյանից, դժգոհ է նաև Նիկոլ Փաշինյանից, և չի բացառվում, որ այդ տեղը Քոչարյանին հանձնելու ծրագիր ունենա։

Իսկ եթե հարցաքննությունը բոլորովին «այլ տե՞ղ տանի նրան»՝ կասկածյալի, մեղադրյալի հեռանկարով։ «Բացառեք․ նա ունի երաշխավորված անձեռնմխելիություն, որքան էլ պնդեն, որ բացարձակ անձեռնմխելիություն չկա, շատ լուրջ հիմքեր պետք է ստեղծվեն նրան անձեռնմխելիությունից զրկելու համար, ինչը մի քանի տարվա աշխատանք-ջանք-թիմ կպահանջի»,- ասացին մեզ։

«Ի դեպ, մի բացառեք, որ Քոչարյանն էլ իր հերթին ներկայացնի «հանգամանքներ», որոնց արդյունքում կպահանջվի հարցաքննել թե՛ առաջին նախագահին, թե՛ վարչապետին, որոնք, ի դեպ, չունեն անձեռնմխելիություն՝ այդ ինստիտուտն աշխատում է գործող նախագահի դեպքում՝ իրենց պաշտոնից բխած գործողությունների մասով։ Այնպես որ՝ հետաքրքիր է լինելու»,- ասացին մեզ։ Իսկ եթե չտեսագրվի հարցաքննությունը և չհանրայնացվի՞։ «Հրապարակայնացման ձևեր կգտնվեն»։

Ավելի մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել