«Քիմ Քարդաշյանն իր պատմական հայրենիքում՝ Հայաստանում է». Daily Mail-ն անդրադարձել է Քարդաշյանի Հայաստան կատարած այցին և երեխաների մկրտությանը
«Քիմ Քարդաշյանն իր պատմական հայրենիքում՝ Հայաստանում է»: Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը մեծ հուզմունքով է իր երկրպագուների հետ կիսվում Հայաստան կատարած այցի մանրամասներով՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանում վայրէջք կատարելու պահից սկսած, գրում է Daily Mail-ը:
Երկուշաբթի կեսօրին իրապատում շոուի ամերիկահայ աստղն Instagram-ի «սթորի» հատվածում երկրպագուներին ներկայացրել էր չորս ամսական որդու՝ Փսալմի մասնակցությամբ կադրեր՝ վերջինիս՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մկրտվելուց առաջ:
Երեխաները, գրում է աղբյուրը, կարևոր արարողության համար կրել են հայկական մշակույթում ընդունված, մկրտության արարողությանը համապատասխան սպիտակ և մարմնագույն հանդերձներ:
Քիմի ավագ երեխաները՝ վեցամյա դուստր Նորթը և երեքամյա որդին՝ Սեյնթը, եկեղեցի տանող ճանապարհին քայլել են իրենց մոր կողքով: Հաղորդվում է, որ մկրտվել են Քիմի երեք կրտսեր երեխաները:
Արարողությանը մասնակցել է նաև Քիմի քույրը՝ 41-ամյա Քորթնի Քարդաշյանը, որը նույնպես Հայաստան է ժամանել իր երեխաների՝ իննամյա Մեյսոնի, յոթամյա Պենելոպայի և չորսամյա Ռեյնի հետ:
2015 թվականի ապրիլին դիմահարդարման մագնատը և նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, իրենց ավագ դստերը մկրտել էին Երուսաղեմի 12-րդ դարի Հայ Առաքելական եկեղեցում, գրում է աղբյուրը:
Աղբյուրը հավելում է, որ մկրտությունը մաքրագործվելու և քրիստոնեական եկեղեցին ընդունելու խորհրդանիշ է: Հայկական մշակույթում մկրտվողներն ավանդաբար սպիտակ հանդերձներ են կրում:
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն որպես հատուկ զեկուցող ելույթ է ունենալու տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովում։ «Գաղափարների շուկա» խորագրով քննարկմանը Քարդաշյանը, որպես սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, կկիսվի իր փորձով, կներկայացնի, թե ինչպես կարելի է այդ հարթակներն օգտագործել բիզնեսի զարգացման համար:
Աղբյուր՝ tert.am