Փնտրում են Մեգամոլ-ում դանակահարություն կատարած անձին
Փնտրում են Մեգամոլ-ում դանակահարություն կատարած անձին
2024 թվականի փետրվարի 04-ին՝ ժամը՝ 16:35-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում գտնվող «Մեգա Մոլլ» առևտրի կենտրոնից շտապօգնության խումբը կրծքավանդակի և որովայնի հատվածում ստացած վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխել 1971թ. ծնված, Երևան քաղաքի բնակիչ հանդիսացող մի տղամարդու, ով ենթարկվել է անհետաձգելի վիրահատության։
Պարզվել է, որ տղամարդը վնասվածքն ստացել է նշված առևտրային կենտրոնում գործող «Ֆուդ Կորտ» սննդի կետում՝ մեկ այլ անձի կողմից սուր կտրող-ծակող առարկայի գործադրման արդյունքում։
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության ընթացքում բուժկենտրոն տեղափոխված անձը ճանաչվել է տուժող, սակայն վերջինիս հետ հնարավոր չի եղել կատարել ապացուցողական և վարութային գործողություններ՝ առողջական վիճակով պայմանավորված: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղից վերցվել են արնանման հետքեր։ Առգրավվել և զննվել են դեպքի վայրին ուղղված տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։ Հարցաքննվել են մի շարք վկաներ։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Երևան քաղաքի բնակիչ 36-ամյա տղամարդը:
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ հանցանքն առերևույթ կատարած անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Որոշում է կայացվել, դատարան ներկայացնելու համար, 36-ամյա տղամարդուն ձերբակալելու վերաբերյալ։
Ոստիկանությանը տրվել է վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաև՝ քննության համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություն։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ հանցագործության ամբողջական հանգամանքները, այդ թվում նաև՝ կատարվածի շարժառիթը պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: