Փաստաբանը քաղաքացուց խարդախությամբ հափշտակել է ընդհանուր 5.122.150 ՀՀ դրամ․ ՔԿ
Փաստաբանը քաղաքացուց խարդախությամբ հափշտակել է ընդհանուր 5.122.150 ՀՀ դրամ․ ՔԿ
Անչափահաս երեխային մորը վերադարձնելու պատրվակով փաստաբանը առերևույթ հափշտակել է ընդհանուր 5.122.150 ՀՀ դրամ․ վերջինիս մեղադրանք է ներկայացվել: Այս մասին Bavnews.am-ին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են փաստաբանների պալատի անդամ, Երևանի 43-ամյա բնակչուհի Ս.Ս.-ի կողմից քաղաքացուն իրավաբանական օգնություն ցույց տալու պատրվակով վերջինիցս առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակության դեպքի մի շարք հանգամանքներ:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քաղաքացին, ամուսնալուծվելուց հետո, անչափահաս դստեր խնամքը ստանձնելու, վերջինիս իր հետ բնակվելու իրավական գործընթացի կապակցությամբ իրավաբանական օգնություն ստանալու նպատակով «facebook» սոցիալական ցանցի միջոցով 2021թ. ապրիլի 6-ին հաղորդագրություն է ուղարկել հանրությանը հայտնի «Վարդան Ղուկասյան» օգտատիրոջը՝ վստահելի փաստաբանի տրամադրման հարցում իրեն օգնելու խնդրանքով:
Վարդան Ղուկասյանը հաղորդագրության միջոցով կնոջն ուղղորդել է իր անունից դիմել «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանին՝ փոխանցելով վերջինիս բջջային հեռախոսահամարը:
Հիշյալ կինը Արտակ Գալստյանի հեռախոսահամարը փոխանցել է իր ծնողներին, ովքեր շուրջ երկու շաբաթ անց վերջինիս հետ հեռախոսազրույց ունենալուց հետո հանդիպել են նրան: Արտակ Գալստյանը, որպես փաստաբանի, կնոջ ծնողներին ներկայացրել է «Ա….» ՍՊԸ հիմնադիր տնօրեն, փաստաբանների պալատի անդամ Ս.Ս.-ին:
Վերջինս, մի խումբ այլ անձանց հետ առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, կեղծ խոստումներ են տվել խնդրին շատ արագ լուծում տալու մասին և երաշխավորել են անչափահաս երեխայի ՌԴ վերադարձը կազմակերպել։
Դրա համար նրանք պահանջել են 9.000 ԱՄՆ դոլարին համարժեք 4.700.000 ՀՀ դրամ գումար, որի շուրջ փաստաբանի և հիշյալ քաղաքացու հոր միջև կնքվել է պայմանագիր: Դրանից հետո Արտակ Գալստյանի ներկայությամբ և հորդորով քաղաքացու ծնողների կողմից 43-ամյա կնոջն առձեռն փոխանցվել է 5000 ԱՄՆ դոլարին համարժեք 2.597.150 ՀՀ դրամ:
Գումարը ստանալուց հետո 43-ամյա կինը հիշյալ քաղաքացու մոտ տպավորություն է ստեղծել, թե իբրև զբաղվում է նրա դստեր հարցով, դիմել է համապատասխան մարմիններին:
Այնուհետև, քաղաքացին, 2021թ. սեպտեմբերի 13-ին քննչական մարմնի կողմից հրավիրված լինելով հարցաքննության, փաստաբանին տեղեկացրել է այդ մասին, ով կրկին իրենից պահանջել է 491.880 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար, որը կինը նույն օրն առձեռն տվել է նրան:
Հետագայում քաղաքացին համապատասխան հարցումների միջոցով պարզել է, որ դուստրը 2021 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ-ից դուրս է բերվել դեպի Վրաստանի Հանրապետություն, այնուհետև ԱՄԷ Շարժա, որտեղից էլ Դուբայ քաղաք, ինչի մասին տեղեկացրել է փաստաբանին:
Վերջինս, «WhatsApp» հավելվածի միջոցով հաղորդագրություններ է ուղարկել քաղաքացուն և խաբեությամբ նրան հայտնել, թե իբրև կան մարդիկ, ովքեր շեյխերի մակարդակով կարող են գտնել երեխային և կարգավորել վերջինիս վերադարձի խնդիրը, որի համար պահանջել է ևս 2.000.000 ՀՀ դրամ:
Որոշ ժամանակ անց նա տեղեկացրել է, թե պետք է գնան Դուբայ քաղաք, սակայն Դուբայի իրենց գործընկերները նպատակահարմար են գտնում այնտեղ մեկնել տոներից հետո՝ 2023 թվականի հունվարին, իսկ մինչ այդ 2.000.000 ՀՀ դրամը պետք է փոխանցվի իրենց գործընկերներին: Քաղաքացին, գտնվելով անելանելի վիճակում, համաձայնել է առաջարկին և 2022թ. դեկտեմբերին՝ տարբեր օրերի, բանկային փոխանցմամբ փաստաբանին մաս-մաս փոխանցել է հիշյալ գումարը:
Այնուհետև, փաստաբանը կնոջից պահանջել է նաև 2500 ԱՄՆ դոլար՝ Դուբայ մեկնելու տոմսերի, հյուրանոցի և վիզայի համար, ինչը վերջինս նույնպես վճարել է:
Դրանից հետո՝ 2023 թվականի մարտի 10-ին, փաստաբանը քաղաքացու հետ մեկնել է Դուբայ քաղաք, որտեղ շարունակել է վերջինիս վստահեցնել, թե իբրև ինչ-որ մարդիկ զբաղվում են նրա դստեր հարցերով, որ վերջինս գտնվում է Դուբայ քաղաքում։ Այնինչ, կինը պարզել է, որ դուստրը դեռևս 2022թ. մայիսին մեկնել է Դուբայ քաղաքից Թուրքիայի Հանրապետություն:
Դրանից հետո՝ մարտի 14-ին, նրանք վերադարձել են Հայաստան՝ այդպես էլ չլուծելով անչափահաս երեխային մորը վերադարձնելու ստանձնած պարտավորությունը: Այդ կերպ, փաստաբանը, խմբի կազմում, քաղաքացուց խարդախությամբ հափշտակել է ընդհանուր 5.122.150 ՀՀ դրամ՝ վերջինիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա փաստաբանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, որը համապատասխանում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին:
Վերջինս ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու հիմքով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան Ս.Ս.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: