Մամուլ

Փաշինյանի մտահոգությունից հետո Պուտինի զանգն Ալիևին

Փաշինյանի մտահոգությունից հետո Պուտինի զանգն Ալիևին

1in.am-ը գրում է․ Տեղի է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հեռախոսազրույցը Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ:

Դատելով Կրեմլի հաղորդագրությունից, որտեղ չի նշվում, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, զրույցի նախաձեռնությունը եղել է Մոսկվայից:

Կրեմլի տարածած հաղորդագրության բովանդակությունը վկայում է նաև, որ քննարկման առանցքում, համենայն դեպս մոսկովյան շեշտադրմամբ, եղել է Հարավային Կովկասում կայունության ապահովման գործնական քայլերի քննարկումը:

Եղե՞լ է այդ առնչությամբ Պուտին-Ալիև փոխհամաձայնություն, թե՞ գործնական քայլերի, այլ կերպ ասած՝ կայունության ապահովման պայմանների առնչությամբ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների պատկերացումները այդքան էլ համադրելի չեն:

Բարդ է ասել:

Հատկանշական է, որ հեռախոսազրույցը տեղի է ունենում Ալիևի Անկարա այցից հետո, որտեղ նա ելույթ էր ունեցել Թյուրքալեզու պետությունների կազմակերպության Վեհաժողովում և խոսել նաև Հայաստանի հետ խնդիրների մասին, նախ հավակնություն ներկայացնելով Հայաստանի տարածքում ադրբեջանցիների բնակեցման առնչությամբ, նաև հայտարարելով, թե Զանգեզուրի միջանցքի հարցում համաձայնությունների չգալու համար Հայաստանը պետք է ենթարկվի պատասխանատվության:

Անկարայում Ալիևի ելույթը պարունակում էր բավականաին ագրեսիվ շեշտադրումներ:

Ադրբեջանի ռազմատենչության հանգամանքը արձանագրում է նաև Երևանը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրառայնելով էսկալացիայի բարձր ռիսկը, նաև հայտարարեց, որ այդ մտահոգությունները մարտի 13-ի հեռախոսազրույցում հայտնել է ՌԴ նախագահին:

Պուտին-Ալիև հեռախոսազրույցը փարատե՞լ է Հայաստանի մտահոգությունը, թե՞ կարող է ավելացնել այն:

Հատկանշական է, որ մարտի 20-ին պլանավորված է Հայաստանի արտգործնախարարի այցը Մոսկվա և բանակցությունը ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ, որի հետ Արարատ Միրզոյանը մարտի 4-ին հանդիպում ունեցան նաև Դելիում՝ միջազգային համաժողովի շրջանակում:

Մոսկվայի համար Կովկասի կայունությունը ներկայումս ունի ռազմավարական նշանակություն, հաշվի առնելով այն, որ ուկրաինական պատերազմի համատեքստում ռազմա-քաղաքական լարվածությունը դրսևորում է աճի միտումներ:

Հատկանշական է նաև, որ մարտի 20-ին Մոսկվա կժամանի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, որը մարտին փաստացի ավարտեց Չինաստանում իր իշխանության վերարտադրության ամբողջացումը:

Չինաստանը դրսևորում է առավել աշխույժ արտաքին քաղաքականության և գուցե ռազմա-քաղաքականության հավակնություն և մոսկովյան այցը թերևս կարող է դրսևորել ուշագրավ միտումներ, որոնք իրենց անխուսափելի ազդեցությունը կթողնեն կովկասյան ռեգիոնում խաղացողների վարքագծի վրա: 

Առավել ևս, որ Պեկինն արդեն իսկ հաջողել է մի գործընթացում, որն այդ առումով կարող է ունենալ ֆունդամենտալ նշանակություն՝ Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերության կարգավորման համաձայնություն, Չինաստանի միջնորդությամբ:

Կիսվել