ՄամուլՔաղաքականություն

Փաշինյանի հրաժարականին հաշված օրեր են մնացել. հունիսին արտահերթ ընտրություն կլինի․ «Ժողովուրդ»

Փաշինյանի հրաժարականին հաշված օրեր են մնացել. հունիսին արտահերթ ընտրություն կլինի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս պահի դրությամբ հայրենի իշխանության եւ ընդդիմության համար օրակարգային հարց է շարունակում մնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման:

Մինչ այս պահը խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության մոտ իշխանությունների անունից գնացած հրովարտակները այնպիսի տպավորություն են ձեւավորել, որ ընտրությունները տեղի կունենան հունիսին:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նույնիսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, երբ գնացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման, հստակ ասել է, որ ընտրությունները պետք է անցկացվեն մինչեւ հունիս: Նիկոլ Փաշինյանը, սակայն, լուրջ առարկություն չներկայացնելով ժամկետի մասով, ամեն դեպքում, որեւէ մեկին հստակ չի ասում, թե երբ է հրաժարական տալու, որ խորհրդարանը լուծարվի:

Ու քանի որ անակնկալներով լի իրավիճակ է, խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերը սկսել են պատրաստվել ընտրություններին, քանի որ կարծում են` Նիկոլ Փաշինյանն անակնկալ կերպով կհայտարարի ընտրությունների գնալու մասին, եւ իրենք չեն հասցնի նախապատրաստվել: Հիմա քաղաքական դաշտում սկսվել է ցուցակագրումների գործընթաց: Իշխանությունը եւ ընդդիմությունը հեղինակություն ունեցող մարդկանց հետ են կապ հաստատում, խնդրում միավորվել, միասնական ցուցակով մասնակցել ընտրությունների:

Եթե ընդդիմությունը կարծում է, որ չպետք է ընտրակարգ փոխվի, ապա իշխանությունները նպատակ ունեն քննարկել Ընտրական օրենսգիրքը այս խորհրդարանում: Ավելին՝ «Իմ քայլ»-ի ներկայացուցիչները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կիրակի օրը՝ հանդիպման ժամանակ, ընտրությունների անցկացման հստակ ամսաթիվ անգամ չեն լսել. խոսք է եղել միայն աշնանն այն անցկացնելու հավանականության մասին: Ամեն դեպքում, չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանն ունի ընտրություններին գնալու իր նախընտրելի ժամանակահատվածը եւ ունի հստակ ձեւավորված օրակարգ, սակայն անգամ իր թիմի մոտ անկեղծ չի ասում այդ մասին:

im qayl

Սակայն նկատենք՝ եթե մտադրություն կա ընտրություններն անցկացնել հունիսին, ապա արդեն իսկ պետք է սկսի խորհրդարանի լուծարման գործընթաց: Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է խորհրդարանի լուծարման հետեւյալ սցենարը. Սահմանադրության 149-րդ հոդվածում ամրագրված է. «Վարչապետի՝ հրաժարական ներկայացնելու դեպքում Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»: Այսինքն՝ 14 օր անհրաժեշտ է միայն խորհրդարանի ինքնալուծարման համար:

Հոդված 92-ում էլ նշված է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն, եւ ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո: Եվ եթե գումարենք նաեւ գրանցումների եւ քարոզարշավի համար նախատեսված ընդհանուր մոտ մեկ ամիս ժամկետը, ապա ակնհայտ է, որ հունիսին արտահերթ ընտրություններ անցկացնելու համար իշխանություններն արդեն պետք է շտապեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել