Փաշինյանի կառավարության վատ աշխատանքի ու սխալների վերագրումն ԱԺ-ին առնվազն ծիծաղելի և անհեթեթ է․ Շարմազանով
Երեք ու կես ամիսը բավարար էր՝ արձանագրելու Փաշինյանի ու նրա կառավարության ֆիասկոյին մոտ գտնվելու իրողությունը, ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ աշխատանքներ են տարվում սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ և մինչև 2019 թվականի հունիս կլինեն ԱԺ ընտրություններ:
«Նա փորձում է հանրության ուշադրությունը իր աշխատանքի անարդյունավետության արձանագրումից տեղափոխել դեպի նոր արհեստական սահմանադրական փոփոխությունների օրակարգ», – նշեց նա։
Շարմազանովն ընդգծեց՝ Սահմանադրությունն ընդամենը մի քանի ամիս է ամբողջությամբ ուժի մեջ մտել ու աբսուրդ է փոփոխության մասին խոսելը, ինչ է թե Փաշինյանն ուզում է մնալ վարչապետ:
«Երկրորդ, այս երեք ու կես ամիսների ընթացքում ԱԺ-ն որևէ, կրկնում եմ, որևէ արհեստական խոչընդոտ Փաշինյանի կառավարության համար չի առաջացրել, հետևաբար, իր վատ աշխատանքի ու սխալների վերագրումն ԱԺ-ին առնվազն ծիծաղելի և անհեթեթ է», – նշեց Ազգային ժողովի փոխնախագահը։
Աղբյուր՝ aysor.am