Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ վաղը կմեկնի Իտալիա
Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ վաղը կմեկնի Իտալիա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նոյեմբերի 20-22-ը պաշտոնական այց կկատարի Իտալիայի Հանրապետություն:
Վարչապետի այցը կմեկնարկի Վենետիկ քաղաքից. Նիկոլ Փաշինյանը կայցելի Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանության Մայրավանք, որտեղ հանդիպում կունենա Մխիթարյան միաբանության անդամների հետ:
Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Միլան: Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Նիկոլ Փաշինյանը կայցելի Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտ՝ ISPI ուղեղային կենտրոն, որտեղ հանդիպում կունենա Միլանի քաղաքապետ Ջուզեպպե Սալայի հետ և կմասնակցի «Dialogue on Future» խորագրով քննարկմանը:
Միլանում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Լոմբարդիայի կառավարության, ինչպես նաև Իտալիայի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ և կմասնակցի հայ-իտալական համատեղ գործարար համաժողովին:
Միլանից ՀՀ վարչապետը կմեկնի Հռոմ, որտեղ հանդիպումներ կունենա Իտալիայի բարձրագույն ղեկավարության հետ: Հռոմի Կիջի պալատում՝ Իտալիայի վարչապետի պաշտոնական նստավայրում, տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեի հետ:
Հանդիպումից հետո երկու երկրների վարչապետները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
Հռոմում Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի և Իտալիայի արտաքին առևտրի ինստիտուտի նախագահ Կառլո Ֆերոի հետ:
Հռոմում նախատեսվում է նաև վարչապետի և նրա տիկնոջ այցը Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցի և Քահանայապետական Լևոնյան վարժարան: