Մամուլ

Փաշինյանը զայրացավ․ պետական աշխատողները 3 ամիս աշխատավաչձ չեն ստացել․ «Այսպիսի դեպք այլևս չկրկնվի»

Փաշինյանը զայրացավ․ պետական աշխատողները 3 ամիս աշխատավաչձ չեն ստացել․ «Այսպիսի դեպք այլևս չկրկնվի»

«Ես ուզում եմ հասկանալ` այսպիսի բան հնարավոր է 21-րդ դարում, որ պետական համակարգի աշխատակիցները 3 ամիս աշխատավարձ չստանան»: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ այդ մասին տեղեկացել է իրեն հասցեագրված նամակից:

Հայաստանում գործող «Արմաթ» լաբորատորիաների 260 խմբավարներ, որոնք ղեկավարում են 350 խմբակ, արդեն 3 ամիս է աշխատավարձ չեն ստանում:

Փաշինյանի հարցին պատասխանեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, որը հայտնեց, որ մինչ այժմ լաբորատորիաները ֆինանսավորվել են դրամաշնորհային ծրագրերով, իսկ այս տարի որոշվել է ֆինանսավորումը կազմակերպել մրցութային կարգով, ինչին «Արմաթը» դեմ է եղել:

Սակայն Վարչապետի համար մի հարց անհասկանալի մնաց՝ եթե պետական բյուջեում այդ փողը կա, ինչո՞ւ մարդիկ 3 ամիս աշխատավարձ չեն ստացել։ Դա աննորմալ երևույթ է։ «Անունը դնենք մրցույթ, թե այլ բան: Կարևորն այն է, որ մարդը չի կարող 3 ամիս աշխատավարձ չստանալ»,- ասաց վարչապետը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը առաջարկեց հարցը ներառել հենց այսօրվա նիստի օրակարգում ու որոշում կայացնել: Այս առաջարկը զայրացրեց Փաշինյանին: «Որ էլի չքննարկված որոշում կայացնեն։ Ոչ, համաձայն չեմ, քննարկեք նորմալ նախագիծ ներկայացրեք ու այսպիսի դեպք այլևս չկրկնվի: Պլանավորեք, նորմալ որոշում կայացրեք,ոչ թե վերջին պահին ասեք` լավ, որ սենց աղմուկ բարձրացավ, բերեք էն որոշումը ընդունենք»:

Որոշվեց հարցը քննարկել վաղը, նախարարական կոմիտեի նիստում ու նաև պարզել` ով է եղել մեղավորը։

Առավել մանրամասն՝ տեսանյոթում․

Կիսվել