Փա՛ռք Քեզ, Տեր Աստված մեր, որ պարգևեցիր մեզ օրն այս խաղաղությամբ. Աղոթք քնելուց առաջ
Փա՛ռք Քեզ, Տեր Աստված մեր, որ պարգևեցիր մեզ օրն այս խաղաղությամբ և բարիքով լեցուն անցկացնել:
Մարդասեր Աստված, այս գիշերվա ընթացքում, որը մոտենում է, փրկիր մեղքից, ազատիր չարից և առաջնորդիր դեպի բարի գործեր: Առավոտյան օրհնություններին ու փառաբանություններին արժանի դարձրու Քո սուրբ անվանը հավատացողներին՝ պահելով խաղաղության մեջ:
Տեր Աստված մեր, տուր Քո խաղաղությունն ամբողջ աշխարհին, վերացրու ցասումն ու պատուհասը Քո արարածներից: Ողորմիր մեր հայրերին ու եղբայրներին՝ ողջերին և հանգուցյալներին:
Ողորմիր եկեղեցի կառուցողներին, բարերարներին, բարիքներ պարգևողներին, սպասավորներին և նրանց, ովքեր սուրբ եկեղեցու հովանու ներքո են ննջում: Տեր Աստված, օգնիր և խաղաղության մեջ պահիր քրիստոնյա թագավորներին, բարեպաշտ իշխաններին, ինչպես նաև նրանց զորքերին ու զավակներին:
Տեր մեր, Քո կամքի ողորմությամբ ամբողջ ու անխռով պահիր մեր առաջնորդներին ու վանական միաբանությունները: Սուրբ և պատվական խաչիդ նշանով հալածիր երևելի և աներևույթ թշնամուն, մեր սահմաններից և մեր բնակության վայրից:
Փրկիր մեզ հավիտենական հրից, որովհետև Քոնն է փառքը հավիտյանս. Ամեն: