Աշխարհ

Ցորենի արտահանման համաձայնությունից հետո Ռուսաստանը ռմբակոծել է Օդեսայի նավահանգիստը

Ցորենի արտահանման համաձայնությունից հետո Ռուսաստանը ռմբակոծել է Օդեսայի նավահանգիստը

Օդեսայում վեց պայթյուն է որոտացել, երկու հրթիռ է ընկել նավահանգստում, կան զոհեր։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի Ռադայի պատգամավոր Օլեքսի Գոնչարենկոն։ Գոնչարենկոն հայտնել է նաեւ, որ հրդեհ է բռնկվել Օդեսայի նավահանգստում։

Ավելի ուշ նա հավելել է, որ Ռուսաստանը հարվածել է Օդեսայի նավահանգստին, զանգվածային հրթիռակոծություն է տեղի ունեցել կան վիրավորներ։

«Նրանք ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե ինչ արժե իրենց հետ գործարքները: Միայն Ուկրաինային զինելով մենք կարող ենք իսկապես ապահովել ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների արտահանումը»,- գրել է նա:

Ուկրաինայի Կիրովոգրադի մարզում հրթիռակոծությունների հետևանքով երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ զինծառայող և տրանսֆորմատորային ենթակայանի երկու պահակ։ Եվս ինը զինվոր վիրավորվել է։ Այս մասին հայտարարել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Անդրեյ Ռայկովիչը։

rus ukraina paterazm

Ավելի վաղ հաղորդվել է, որ ռուսական զորքերը առավոտյան ժամերին 13 թևավոր հրթիռ են արձակել Կրոպիվնիցկիի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Կանատովոյի ռազմական օդանավակայանը և ուկրաինական երկաթուղու կառույցներից մեկը։

Նշենք, որ վերջին երկու օրերին Խերսոնի շրջանում «ծանր մարտեր» են ընթանում։

Մարտերը շարունակվում են ուկրաինական զորքի նախաձեռնած հակահարձակողական գործողությունների շրջանակներում՝ Դնեպրի արևմտյան ափին Ռուսաստանի կողմից գրավված տարածքներում։

Կիսվել