Մամուլ

Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր է նշանակվել ՀՀ-ի ամենից երիտասարդ պրոֆեսորը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի է ունեցել ռեկտորատի նիստ՝ ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, որին մասնակցել են ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմերի ներկայացուցիչներ: Նախարարը հանդիպման սկզբում տեղեկացրել է, որ համալսրանի նախկին ռեկտորը՝ Կորյուն Աթոյանը,  երեկ պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել:

Ըստ Արայիկ Հարությունյանի, պաշտոնակատարի խոսքով՝ քննարկվել և որոշում է կայացվել ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանին:

Չնայած փոփոխությանը, նախարարը բարձր է գնահատել նախկին ռեկտորի աշխատանքը, բայց, միևնույն ժամանակ ընդգծելով, որ նախարարության համար կադրերի երիտասարդացումը կարևոր ուղղություններից է, սակայն այն ինքնանպատակ չէ։

Նա նաև անդրադարձել է նոր նշանակմանը՝ Ռուբեն Հայրապետյաին համարելով խելացի և ամենից երիտասարդ պրոֆեսոր։

Bavnews.am-ը նշանակման առիթով ուսումնասիրել է նորանշանակ ռեկտորի կենսագրությունը   և աշխխատանքային պռակտիկան։ Այն ներկայացված է ստորև։

Ծնվել է 1987թ. մարտի 25-ին Երևանում:

2002-2007թթ. սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի կառավարման ֆակուլտետի կառավարում բաժնում և գերազանցությամբ ավարտել:

2007թ.-ին ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի առկա ուսուցմամբ ասպիրանտուրան և վաղաժամ ավարտել 2009թ.-ին՝ հաջողությամբ պաշտպանելով թեկնածուական ատենախոսությունը և ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:

2008-2009թթ. աշխատել է «Էլոլա» ՓԲԸ-ում (կաթնամթերքի արտադրություն)` որպես տնօրենի տեղակալ:

2009-2011թթ. աշխատել է «Գորիս կաթ» ՍՊԸ-ում՝ որպես փոխտնօրեն: 2009-2012թթ. զուգահեռաբար աշխատել է ՀՊՏՀ կառավարման ամբիոնում՝ որպես ասիստենտ:

2011թ. ավարտել է Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը (Երևան/Ստրասբուրգ): 2011թ. ավարտել է նաև Քաղաքական դասընթացների մոսկովյան դպրոցը (Մոսկվա):

Որպես փորձագետ` ակտիվորեն hամագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման կառավարման ոլորտներում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառույցների հետ:

Մասնակցել է կառավարման և տնտեսագիտության ոլորտներում տեղական և միջազգային մի քանի տասնյակ գիտաժողովների, սեմինարների և համաժողովների: Ղեկավարում է մի շարք գիտահետազոտական նախագծեր՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր:

«Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպության վարչության անդամ է: Թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից հետո զբաղվել է ակտիվ գիտական ու մանկավարժական գործունեությամբ և 2013թ. արժանացել է դոցենտի գիտական կոչման:

2015թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը և ստացել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան:

2018թ. ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի որոշմամբ արժանացել է պրոֆեսորի գիտական կոչման:

2018թ.-ից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնի վարիչն է:

Հեղինակ է շուրջ 50 գիտական հրապարակումների, հեղինակել և համահեղինակել է 10 մենագրություն, 2 ուսումնական ձեռնարկ և 1 դասագիրք:

2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ:

Ամուսնացած չէ:

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել